News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ըստ ՄԱԿ-ում (Միավորված ազգերի կազմակերպություն) Վրաստանի երիտասարդության հարցերով ներկայացուցիչ Գեորգի Թումասյանի, Ախալքալաքի երիտասարդության հիմնական խնդիրը` պետական լեզվի չիմացությունն է, որը խանգարում է ակտիվ մասնակցել երկրում ընթացող բազմաթիվ գործընթացներին, հաղորդում է Jnews.am-ը: 

Արդեն մեկ ամիս է, ինչ ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության հարցերով ներկայացուցիչը հանդիպում է շրջանների երիտասարդության հետ: Գեորգի Թումասյանը նախ երիտասարդներին տեղեկացնում է, իր մանդատի, իր գործունեության եւ նպատակների մասին, ապա խոսում երիտասարդության հուզող խնդիրների շուրջ եւ փորձում համատեղ լուծման տարբերակներ գտնել:

«Կարծում եմ առաջին ամենամեծ խնդիրը պետական լեզվի չիմացությունն է, եւ մենք մտածում ենք, ինչպես աշխատենք, որ վրաց լեզվի օգտագործման մակարդակը բարձրացնենք: Էթնիկ փոքրամասնություններին օգնենք, որ ինտեգրացիոն գործընթացը ավելի ակտիվ լինի», – նշեց Գեորգի Թումասյանը:

Միաժամանակ ավելացնելով, որ իր անձնական օրինակն այսօր այն բանի վկայությունն է, որ նպատակասլաց եւ սովորող երիտասարդը կարող է ամեն փորձություն հաղթահարելով հասնել մինչեւ Միավորված ազգերի կազմակերպություն:

«Իմ անձնական օրինակով, փորձում եմ մեր երիտասարդներին համոզել, որ եթե իրենք ակտիվորեն աշխատեն, սովորեն վրաց լեզուն, սովորեն շատ լավ դպրոցում, համալսարանում, իրենք կկարողանան շատ մեծ բարձունքների հասնել Վրաստանում: Վրաստանն այսօր ժողովրդավար երկիր է, եւ նույնիսկ կարելի է նշել, որ ամբողջ Վրաստանի ինչպես վրացի, այնպես էլ հայ, աբխազ, օս եւ այլ ազգերի երիտասարդության խնդիրները ներկայացնում է հայը», – ասել է ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության հարցերով ներկայացուցիչը:

Վերջինս մեկ ամսվա ընթացքում հասցրել է Վրաստանի շրջանների կեսից ավելին անցնել, խոսել անմիջապես երիտասարդների հետ եւ տեղում քննարկել նրանց անհանգստացնող խնդիրները: Ըստ Թումասյանի Ախալքալաքում երիտասարդության խնդիրները տարբերվում են պետական լեզվի չիմացության պատճառով:

«Շրջաններում էթնիկ փոքրամասնությունները չեն տիրապետում վրաց լեզվին, եւ չեն կարող մասնակցել այն ծրագրերին, որոնք Վրաստանում են անցկացվում: Իսկ ընդհանուր խնդիրն այն է, որ շրջաններում պակաս է ակտիվությունների թիվը: Մենք աշխատելու ենք, որ ինչքան հնարավոր է հենց տեղում ակտիվություն լինի», – եզրափակեց Գեորգի Թումասյանը:

Ախալքալաքում երիտասարդությունը հանդես է եկել երկու նախաձեռնությամբ՝ հենց քաղաքում վազքի մարաթոն անցկացնել եւ մաքրել Ախալքալաքի բերդի տարածքը:

«Ես երեկոյան Ախալքալաքում դուրս եկա վազելու, շատերը շատ անհասկանալի ձեւով նայեցին դրան: Երիտասարդները եւս հաստատեցին, որ այո, այստեղ պրեստիժ չի համարվում վազելը եւ որոշեցինք միասին վազքի մարաթոն անենք, վազենք, եւ ժողովրդի մենտալիտետը մի քիչ փոխենք: Բերդի տարածքը շատ կեղտոտ է եւ մենք երիտասարդների հետ պետք է մի օր ընտրենք, մաքրենք», – ավելացրեց ՄԱԿ-ում երիտասարդության հարցերով պատասխանատուն:

Տպել
Ամենաշատ