News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում լեզվի խնդիրներով պետք է զբաղվի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը, սակայն, այդ տեսչության գործունեությունը սահմանափակված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց լեզվաբան Արտաշես Մարտիրոսյանը: Նա նշեց, որ 2015թ. հուլիսից ՀՀ կառավարության որոշմամբ արգելված է, որպեսզի այս մարմինը ստուգայցեր կատարի պետական կառավարական մարմիններ՝ պատճառաբանելով, թե այդ ստուգումները խոչընդոտում են միջին գործարարության զարգացմանը:

«Հիմա, եթե կառավարությունը որոշում  կայացնի, որպեսզի մինչեւ տարեվերջ Լեզվի պետական տեսչությունը փակեն, կարծում եմ, որ արագ մտածված քայլ կլինի   եւ այս հարցը համակողմանիորեն պետք է քննարկվի, ճիշտ լուծում ստանա: Հուսով եմ, որ մեր կառավարությունը խոհեմ կլինի, թույլ չի տա, որպեսզի լեզվի պետական տեսչությունը փակվի: Պետք է այլ կարգավիճակ տրվի այս մարմնին, որպեսզի կարողանանք պահպանել մեր լեզուն, քայլեր ձեռնարկենք այն պահպանելու համար»,-ասաց նա:

Նշենք, որ լեզվի պետական տեսչությունը ԿԳ նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Լեզվի պետական տեսչությունն իրականացնում է վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության բնագավառում` «Լեզվի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրերի պահանջների կատարման ապահովում, ՀՀ պաշտոնական լեզվի` գրական հայերենի կանոնարկում եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովում, ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովում եւ այլն:

Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, եւ նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

Տպել
Ամենաշատ