News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ վարչապետը պահանջում է դպրոցներում ավարտին հասցնել շինարարական եւ բարեկարգման բոլոր աշխատանքները: Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը խիստ զգուշացրել է. հակառակ դեպքում պատասխանատվություն է սահմանվելու: Կարապետյանը հանձնարարել է նաեւ մինչեւ աշուն հոգ տանել բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղերի դպրոցներում ուսուցչական կազմի համալրման մասին:

Գործադիրը կուսումնասիրի վիզային ռեժիմի ազատականացմամբ Հայաստան նոր զբոսաշրջիկների ներգրավելու հնարավորությունը: Քաղավիացիայի գլխավոր վարչությանն էլ հանձնարարվել է վերստուգել տոմսերի գներն ու շուկայի զարգացման միտումները: Հնարավորության դեպքում հարկավոր է էժանացնել ավիատոմսերը:

Արդեն նիստերի դահլիճից դուրս լրագրողներն արտաքին գործերի փոխնախարարից հետաքրքրվել են սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հնարավորության մասին: Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, պաշտպանության բանակն էլ՝ հերքում: Այստեղ Շավարշ Քոչարյանը հիշեց հայտնի արտահայտությունը:

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Որքանո՞վ դրանք կազդեն Հայաստանի վրա: Ֆինանսների նախարարը չի կարծում, որ ազդեցությունն այնքան մեծ կլինի, որքան 2014 թվականին:

Փոփոխություն է արվում սոցփաթեթների առողջապահական բաղադրիչում: Նախկինում դրանով զբաղվում էին ապահովագրական ընկերությունները, հետո դա ներառեցին պետպատվերում: Հիմա վերադառնում են հին ձեւին: Նախարար Լեւոն Ալթունյանը ներկայացրել է դրական կողմերը. սոցփաթեթների շահառուները՝ մինչեւ 100 հազար մարդ, կարող են ինքնուրույն ընտրել սոցփաթեթով բուժման համար բուժհաստատությունը, կխուսափեն հերթագրվելուց, որի դեպքում հաճախ ստիպված են լինում մեկ կամ նույնիսկ մի քանի ամիս սպասել: Բարեփոխումը կառնչվի պետական հաստատությունների ծառայողներին, որոնք սոցփաթեթի շրջանակում ապահովագրություն ունեն: Կես տարի անց ծրագիրը կփորձարկեն արդեն արտապետական հատվածում՝ այն առաջարկելով 612 հազար սոցիալապես անապահով քաղաքացիներին: Հաջողության հասնելու դեպքում ծրագրի շրջանակն ավելի կընդլայնվի:

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը բացահայտվել է: Քննչական կոմիտեն տեղեկացնում է մեկ ձերբակալվածի մասին: Պարզվում է՝ նա սպանվածի որդին է՝ Նորայր Սիմոնյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստեր կան սպանության շարժառիթի եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ի գիշերը մի տղամարդ տնից դուրս էր կանչել Սիմոնյանին, որից հետո նա անհետացել էր: Պաշտոնյայի դին հայտնաբերել են Դալարիկ գյուղի ճանապարհին, կապկպված, կիսանեխած վիճակում:

Հուլիսի 23-ին զորամասերից մեկի մոտ կախված հայտնաբերված կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել, ձերբակալված կա: Նա Մելքոնյանի ծառայակիցն է:

Զինծառայողի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Ասում են՝ կա՛մ տղային սպանել են, հետո կախել, կա՛մ հենց կախելով էլ սպանել են: Դիակի զննության ժամանակ, որին ներկա են եղել նաեւ հարազատները, բռնության հետքեր չեն հայտնաբերել: Նրանց կարծիքով՝ Վարդանն ինքնասպանություն գործելու պատճառ չուներ. ավելի քան մեկ տարվա ծառայող էր, այդ ընթացքում որեւէ դժգոհություն չի ունեցել: Դեպքի օրը երեկոյան նախ խոսել է մոր եւ քրոջ հետ, հետո զանգահարել է Վանաձորի ընկերոջն ու 20.000 դրամ խնդրել: Պատճառաբանել է, որ ուզում է տուն գնալ: Որոշ ժամանակ անց ընկերը զանգահարել է Վարդանին, բայց այդպես էլ չի կարողացել կապվել նրա հետ:

Աբովյան քաղաքում շենքերից մեկի մոտ այսօր կրակոցներ են հնչել: Բնակիչները ոստիկանություն են ահազանգել եւ հայտնել, որ բնակարաններից մեկի պատերին եւ պատուհանին կրակոցի հետքեր կան: Մեր տեղեկություններով՝ կրակոցների հետքերը հայտնաբերվել են «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին պատկանող բնակարանի պատերին եւ պատուհանին: Կրակոցի ձայները, սակայն, հարեւանները չեն լսել: Փորձաքննություն է նշանակվել:

Կապանի օդանավակայանի մոտ այսօր մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Կապան-Գորիս ավտոճանապարհին «BMW» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլխիվայր շրջվել եւ հայտվել դաշտամիջյան հատվածում: Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին տեղում մահացել են: Ըստ տեղեկությունների՝ մահացածները Կապանի բնակիչներ Դավիթ Ավետիսյանն ու Արմինե Մուսախանյանն են: Նրանք, հնարավոր է, փորձել են ավտոռալլի կազմակերպել, ինչը ողբերգությամբ է ավարտվել:

Էջմիածնում 15-ամյա աղջիկը բարձրացել է 5 հարկանի շենքի տանիք եւ սպառնացել, որ ցած կնետվի: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու հոգեբանը փորձել են դեռահասին համոզել եւ իջեցնել տանիքից, սակայն չեն կարողացել: Աղջիկը նետվել է տանիքից, բայց ներքեւում կանգնած իրավապահները հասցրել են բռնել նրան: Աղջկան հիվանդանոց են տեղափոխել, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:

Դոլարի փոխարժեքը հուլիսի 27-ին կայուն է եղել, իսկ եվրոն ու ֆունտը կտրուկ թանկացել են: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 8 դրամ 6 լումա, ֆունտինը՝ 629 դրամ:

Հուլիսի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ