«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում 1990-ականների սկզբին հարկ չհամարվեց «դեսովետիզացիա» կամ «լյուստրացիա» անցկացնել: Կեղծ «համաժողովրդական» սեփականությունից դեպի թերի շուկայական հարաբերություններ անցումը իրականացվեց մի վերնախավի կողմից, որն ինքը, հավանաբար, ամբողջությամբ չէր ազատվել խորհրդային ախտերից:
Արդյունքում պետական, քաղաքական եւ տնտեսական լծակները հայտնվեցին այն մարդկանց ձեռքին, ում այնքան էլ սրտամոտ չէր ժողովրդավարության եւ ազատ շուկայի մշակույթը (այդ երկուսը չեն կարող գոյություն ունենալ առանձին-առանձին), եւ օրինաչափ էր, որ 1998-ին իշխանությունը փոխանցվեց արդեն զուտ խորհրդային մշակույթի կրողներին:
Ինչ եմ ես հասկանում «խորհրդային ախտեր» ասելով: Դա նախեւառաջ հոգեբանական ֆենոմեն է: Եթե փորձենք այն հակիրճ ձեւակերպել, ապա դա անտարբերություն է քո աշխատանքի արդյունավետության հանդեպ, եւ հակառակը՝ խիստ շահագրգռվածություն է դիմացինի անհաջողությունների, տապալումների հարցում:
Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, վերադառնանք 1937 թիվ՝ մենք այսօր «նշում ենք» ստալինյան լայնամասշտաբ տեռորի տխուր «հոբելյանը»՝ 80-ամյակը: Ստալինի ծրագրի նպատակն էր միլիոնավոր մարդկանց ծրագրված ոչնչացումը: Բայց ոչ մի լավ կամ վատ ծրագիր չի կարող հաջողությամբ իրականացվել, եթե այն չունի կամավոր աջակիցներ, եթե դրանից օգուտներ են քաղում միայն նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են այդ ծրագիրը կյանքի կոչելու:
Ստալինյան հրեշավոր ծրագրի «շահառուները» դարձյալ միլիոնավոր մարդիկ էին, եւ հենց դա է հավանաբար պատճառը, որ այդ «շահած» մարդիկ այդքան պաշտում էին Ստալինին եւ հոնգուր-հոնգուր լացում էին նրա մահվան առթիվ:
Շահագրգռելու մեխանիզմը պարզ էր. եթե ես բանվոր եմ եւ ուզում եմ զբաղեցնել հերթափոխի պետի տեղը, եթե ես ունեմ մեկսենյականոց բնակարան եւ ուզում եմ տիրանալ իմ հարեւանի երկուսենյականոցին, եթե ես գնդապետ եմ եւ ուզում եմ դառնալ գեներալ, եթե ես գյուղացի եմ (եւ կանգնած եմ սովամահ լինելու վտանգի առաջ) եւ ուզում եմ տեղափոխվել քաղաք, որտեղ սովից չեմ մեռնի, դրա լուծումը ոչ թե աշխատելն է, ոչ թե կատարելագործվելն է, այլ մատնագիր գրելը:
Ստացվում է, որ մարդիկ շահագրգռված չեն իրենց աշխատանքով որեւէ բանի հասնելուն, փոխարենը կարող են այլ՝ ստոր, անբարոյական մեթոդներով հասնել իրենց երազանքների իրականացմանը: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ անցումը շուկայական հարաբերություններին պետք է ուղեկցվի հզոր եւ անսասան բարոյական սկզբունքների վրա:
Իդեալական կլիներ, որ այդ սկզբունքները քարոզեր Հայ Առաքելական եկեղեցին: Բայց բազմաթիվ պատճառներով մեր եկեղեցին չի կարող ստանձնել այն դերը, որը ժամանակին իր վրա էր վերցրել կալվինիզմը: Փոխարենը մենք կարող ենք մեր միջից հանել փտած հոգեբանությունը, համաձայն որի՝ կարելի է կյանքում ինչ-որ բանի հասնել ուրիշի ունեցվածքի կամ հաջողությունների վրա աչք տնկելով: Եվ «անարդարությունը» շտկելու համար՝ «նաչալստվային» դիմելով: «Դեսովետիզացիայի» կամ «դեստալինիզացիայի» տակ ես առաջին հերթին դա՛ եմ հասկանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում