News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետեւողական քաղաքականություն: Այս մասին ԵԱՀԿ Երեւանի գրասենյակին նվիրված ընդունելության ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Ստորեւ ներկայացնում ենք փոխնախարարի ելույթը.

«Այսօր մենք հավաքվել ենք այս դահլիճում՝ մեր գնահատանքի խոսքը հղելու ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի երկարամյա գործունեության կապակցությամբ:

Հայաստանի իշխանությունները ցանկություն եւ քաղաքական կամք դրսեւորեցին պահպանելու ԵԱՀԿ հետ համագործակցության այս կարեւոր գործիքը: Սակայն, չնայած հայկական կողմի, ԵԱՀԿ գերմանական եւ ավստրիական նախագահությունների եւ մասնակից պետությունների ու ԵԱՀԿ Քարտուղարության գործադրած ջանքերին եւ ցուցաբերած աջակցությանը, ցավոք, հնարավոր չեղավ երկարաձգել գրասենյակի մանդատը ԵԱՀԿ մեկ մասնակից պետության՝ Ադրբեջանի կողմից կոնսենսուսի սկզբունքի չարաշահման պատճառով:

Ադրբեջանը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետեւողական քաղաքականություն:

Այդուհանդերձ, այսօր ես կցանկանայի կենտրոնանալ Երեւանի գրասենյակի ավելի քան մեկուկես տասնամյակ տեւած գործունեության վրա: Գրասենյակն իր հիմնադրման օրվանից հանդիսացել է կարեւոր գործընկեր Հայաստանի կառավարության համար ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական եւ մարդկային հարթություններում մեր երկրի հանձնառությունների իրականացման գործում:

Հայաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները գրասենյակի նախանշած ծրագրերի իրականացման համար: Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, որոնք հիմնված էին ընդունող երկրի կարիքների ու առաջնայնությունների վրա, մեծ նպաստ են ունեցել Հայաստանի պետական ինստիտուտների կարողությունների ամրապնդման, անվտանգության ոլորտի, տնտեսական, դատաիրավական բարեփոխումների առաջմղման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանական խնդիրների հասցեագրման, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ամրապնդման ու բազմաթիվ այլ ոլորտներում:

Հայաստանի իշխանությունների եւ Երեւանի գրասենյակի միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ իրականացված ծրագրերի արդյունավետությունը մշտապես դրվատանքի խոսքերի են արժանացել ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից ու հանդիսացել այլ երկրների համար լավագույն փորձառության օրինակներ:

Ծրագրերի հաջող իրականացման գործում մեծ էր ոչ միայն Հայաստանի պետական իշխանության մարմինների, այլեւ գրասենյակի այլ գործընկերների՝ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների ավանդը:

Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Երեւանի գրասենյակի ներկա եւ նախկին ղեկավարների ու իրենց փորձառու եւ բարձր մասնագիտական որակներ ունեցող անձնակազմի կատարած աշխատանքը եւ նվիրվածությունը:

Ընդհանրապես, Երեւանի գրասենյակն իրենից մարմնավորում էր ԵԱՀԿ այն մոդելը, որը Հայաստանը ցանկանում է տեսնել: ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում ձեւավորում էր համագործակցության հարթակ եւ այդ հարթակում ներգրավում էր Երեւանում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակներին եւ հավատարմագրված դեսպանություններին: Երեւանի գրասենյակում կողք կողքի աշխատում էին ԵԱՀԿ տարբեր մասնակից երկրներից գործուղղված  բարձրաստիճան մասնագետներ, որոնք իրենց համատեղ աշխատանքով ամեն օր հաղթահարում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա բաժանարար գծերը եւ ցույց տալիս, որ Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ միասնական անվտանգության համայնքի տեսլականը կարող է լինել ոչ միայն խոսք այլեւ գործ:

Կուզենայի երախտիքի իմ խոսքերն ասել ինչպես ԵԱՀԿ գրասենյակի օտարերկրյա գործուղղված մասնագետներին, այնպես էլ նրանց գործուղղող երկրներին, մասնավորապես ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Ավստրիային եւ Չեխիային: Լիահույս եմ, որ Հայաստանից ձեզ հետ տանելու եք նոր փորձառություն, գիտելիքներ, բայց ամենակարեւորը՝ գիտակցում, որ ձեր կյանքի ինչ որ փուլում դուք օգտակար եք եղել Հայաստանին եւ նրա ժողովրդին ու ձեր իսկ աշխատանքով դարձել եք նրա մի մասը:

Կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գրասենյակի տեղական կամ ավելի ճիշտ ազգային աշխատակիցներին: Ձեր ավանդը գրասենյակի հաջող գործունեության մեջ էական է, քանի որ դուք եք ապահովել գրասենյակի եւ նրա ծրագրերի ինստիտուցիոնալ հիշողությունը եւ շարունակականությունը: Լիահույս եմ, որ ձեզնից շատերն ապագայում նույնպես ներգրավված կլինեն ԵԱՀԿ եւ ՀՀ համագործակցության ծրագրերում:  

Վերջապես, թույլ տվեք գնահատանքի խոսքեր ասել ԵԱՀԿ քարտուղարությանը, որն այսօր այս միջոցառմանը ներկայացված է բարձր մակարդակով ի դեմս՝ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյի: Ես նրանից շնորհակալություն եմ հայտնում ինչպես կատարված այնպես էլ կատարվելիք աշխատանքի համար:

Չնայած գրասենյակի փակմանը, Հայաստանի իշխանությունները մտադիր են բարձր մակարդակի վրա պահպանել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը: Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններին եւ պատրաստակամ ենք շարունակել գրասենյակի ծրագրերի իրականացումը, հանուն մեր երկրի հետագա զարգացման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ