News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Վահան Ստեփանյան, 38 տարեկան։ Որակավորված մասնագետ, աշխատասեր։ Երեք անգամ ընդմիշտ հեռացել է Հայաստանից եւ երեք անգամ էլ վերադարձել։ Մեկ տարի ապրել է Իռլանդիայում։ Համոզվել է՝ որտեղ էլ որ կյանքը տանի, անխուսափելիորեն տուն ես ձգտում։

Մինչեւ Իռլանդիայում հայտնվելը կարծում էի, թե բազալտե շինությունները հատուկ են միայն Հայաստանին։ Դուբլին ժամանելով եւ սովորական դարձած պատկերներ տեսնելով՝ հաճելիորեն զարմացած էի։ Շատ եկեղեցիներ, կամուրջներ բազալտից են կառուցված, ինչը տանը գտնվելու զգացողություն է պարգեւում։ 

Առաջին ամիսներին դժվարությամբ էի կողմնորոշվում Դուբլինի կենտրոնում։ Փողոցները մի փոքր խառն են, սակայն ավելի ուշ ես սովորեցի եւ արդեն հեշտությամբ էի գտնում այն, ինչ պետք է։

Իռլանդացիները կարող են ձեռք առնել նրանց, որոնք իրենց դուր չեն գալիս։ Մի օր փողոցում 50-ամյա իռլանդացին, որից ես ճանապարհ էի հարցնում, պատմեց, թե ինչպես է խաբել մի ամերիկացու։ Ամերիկացին խնդրել է ցույց տալ մինչեւ X վայր ճանապարհը եւ նա, կարճի փոխարեն, ցույց է տվել երկար ճանապարհը՝ անվերջ «աջ ու ձախերով»։ Հույս ունեմ, ես նրան դուր եկա։

Տապակած կարտոֆիլն ու ձուկը (fish and chips) իռանլդական ավանդական ուտեստ է համարվում։ Ընդհանուր առմամբ, տեղի խոհանոցը բավական աղքատիկ է։ Իռլանդացիները հաճախ են քաղցած մնացել եւ նրանց սննդակարգի մեծ մասը կազմել են կարտոֆիլն ու կաղամբը։ Միսն ու կաթնամթերքները շքեղություն են համարվել։ Բացի այդ՝ կլիման եւս չի նպաստում տարատեսակ բուրավետ խոտաբույսերի աճին, եւ ուտեստներն ավելի պարզ են։

Հիմնականում գարեջուր են խմում։ Տեղական շատ տեսակներ կան, որոնք տարբերվում են միմյանցից, եւ որոնք պարտադիր պետք է փորձել, եթե հաջողվի այնտեղ ճամփորդել։

Ուրբաթ երեկոյան հազիվ թե սթափ իռլանդացու հանդիպեք։ Եթե հանդիպեք էլ, հաստատ իռլանդացի չի լինի։ Ուրբաթ բոլորը թուլանում են, ընկերների հետ հավաքվում փաբերում, սրճարաններում ու ռեստորաններում։ Մի խոսքով, ուրախ են ապրում։

Խմում են այնքան, մինչեւ հարբեն։ Բայց ի տարբերություն մեզ՝ շատ չեն ուտում։

Մեծ  հաճույք է լինել գյուղական վայրերում գտնվող փաբերում։ Դրանց շարքում կան շատ հին փաբեր, մթնոլորտն այնտեղ իսկապես յուրահատուկ  է։ 

Իռլանդացիները ձեզ չեն հասկանա, եթե հրաժարվեք երեկույթի հրավերից։ Նրանք հրավիրում են բոլորին՝ ծանոթներին ու իրենց շրջապատում հայտնված օտարերկրացիներին։

Նրանք շատ ընկերասեր են եւ դրական են տրամադրված ցանկացած ազգության ներկայացուցչի նկատմամբ։ Չնայած պատմության սեւ հետքերին՝ իռլանդացիները պահպանել են այնպիսի հիանալի հատկանիշներ, ինչպես ընկերասիրությունն ու հանդուրժողականությունը։

Տիպիկ իռալնդացին առաջին հերթին հայրենասեր է։ Սիրում է իր երկիրը, ընտանիքն ու ընկերներին։ Հոգու խորքում երկիրը լքած յուրաքանչյուր իռլանդացի ձգտում է վերադառնալ։ Կարծում եմ՝ այդ հարցում մենք նման ենք։

Նրանք հումորի լավ զգացում ունեն։ Սիրում են կատակել իրենք իրենց եւ մյուսների հետ կապված, սակայն երբեք նրբանկատության սահմանը չեն անցնում։ Մի օր քաղաքի կենտրոնում կիսավարտիքով երիտասարդի տեսա։ Հետո իմացա, որ նա պարտվել է ընկերների հետ գրազը։ Նման հանաքները սովորական բան են, ընդ որում՝ ազգային մակարդակում։ Հիշու՞մ եք՝ 2008 թվականին Իռլանդիան «Եվրատեսիլ» երգի մրցույթին ուղարկեց «Հնդկահավ» Դասթինին։ Դա մանկական հաղորդման կերպար էր, եւ նրանք բոլորը քվեարկեցին, որ «հնդկահավը» ներկայացնի երկիրը։

Երբ իռլանդացին սեփական կացարան գնելու հնարավորություն է ունենում, նա նախընտրում է առանձնատուն գնել։ Առհասարակ Դուբլինում բնակարանները քիչ են։ Միայն քաղաքում եւ, այսպես կոչված, քաղաքի երկրորդ օղակում։ Իսկ քաղաքի մեծ մասը առանձնատների թաղամասեր են՝ խնամված, մեծ ու փոքր, անպայման կանաչ խոտով ու ծաղիկներով շրջապատված։

Դժվար է գտնել միօրինակ եւ ձանձրալի դռներ։ Քաղաքի կենտրոնում պահպանվել են վիկտորիանյան ժամանակաշրջանի տներ եւ բոլորի դռները տարբեր են ե՛ւ ձեւով, ե՛ւ գույնով։ Իռլանդացիները սիրում են վառ գույներ, իսկ վառ կարմիրն ու կապույտը, թվում է, հատկապես։

Հայաստանում մեզ թվում է, թե ամբողջ աշխարհը գիտի մեր մասին։ Դա, իհարկե, պատրանք է։ Իռլանդացիների 99 տոկոսը, ում հետ շփվելու բախտ եմ ունեցել, Հայաստանի մասին ոչինչ չգիտեր։ Այնտեղ մեկ տարի ապրելու ընթացքում միայն մեկ անգամ հայերեն լսեցի։ Ասում են՝ այնտեղ մենք համայնք ունենք։ Այնուամենայնիվ, ինձ մոտ տպավորություն էր, որ ես այդ կղզու միակ հայն եմ։

Կղզու բնակիչներն առողջ կենսակերպ են վարում՝ հետեւում են իրենց, վազում են, ռեգբի են խաղում, հեծանիվ են վարում, բայց մինչեւ ուրբաթ։ Հետո՝ արդեն գիտեք։

«Հայի աչքերով». Բրիտանիայում փակ ակումբներ կան, որոնց անդամ կարող են լինել միայն արիստոկրատները

«Հայի աչքերով». Գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը

«Հայի աչքերով». jeito do brasil, կամ կյանքը հիասքանչ է, ո՞ւր ես շտապում

«Հայի աչքերով». Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ դժբախտ պատահարի մասին

«Հայի աչքերով». Իտալացիները ձեւեր չեն թափում, գրեթե անմիջապես «դու»-ի են անցնում եւ անձնական հարցեր տալիս

«Հայի աչքերով».Կորեացիները արձակուրդ հասկացությունը չունեն – հանգստի ժամանակ չկա 

«Հայի աչքերով». Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները փողոց են դուրս բերում անպետք իրերը

«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել 

«Հայի աչքերով». Դուբայում եւ Աբու Դաբիում որոշ բանկոմատներ ոսկու ձուլակտորներ են տալիս 

«Հայի աչքերով»․ Ավստրալացիներն անկեղծորեն կարծում են, որ հենց կենդանիներն են Երկրի տերերը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ