News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Եզդիաբնակ Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահ եւ կրակ բացել այնտեղ գտնվող տղամարդկանց ուղղությամբ: Եզդիների ավանդույթի համաձայն՝ տղամարդիկ եւ կանայք նստած են եղել առանձին սեղանների շուրջ: Ականատես կանայք մեր թղթակցին պատմել են, որ տղամարդն իրենց ուղղությամբ չի կրակել:

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տղամարդը կրակ է արձակել «Սայգա» տեսակի օրինական գրանցված որսորդական հրացանից: Կրակոցներ արձակելու մեջ կասկածում են Արմավիրի 50-ամյա բնակիչ Թելման Քալաշյանին: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Միջադեպի հետեւանքով 3 մարդ տեղում զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Ավելի ուշ տուժածներից մեկը հիվանդանոցում վիրահատության ժամանակ մահացել է: Սպանվածներն են Ամո Խուդոյանը, Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանը եւ Աղասի Քալոյանը: Զորո եւ Ամրո Օզմանյանները հորեղբոր որդիներ էին, նրանց ազգական էր նաեւ Աղասի Քալոյանը։

Վարկած կա, որ սգո սրահում կրակ բացելու դրդապատճառը կենցաղային է եղել. հարձակվողը պարտք ու պահանջ է ունեցել գյուղացիների հետ: Գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է «Նիվա» մակնիշի մեքենա: Ամենայն հավանականությամբ՝ այն պատկանում է կասկածյալին:

Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Պաշտպանության նախարարի մամուլ խոսնակի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ 31-ամյա Արմեն Նազլուխանյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: Զինծառայողը Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղից է: Նրան Երեւանի զինվորական հոսպիտալ են տեղափոխել: Նազլուխանյանի առողջական վիճակը լավ է:

Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իրանական «Շարղ» պարբերականին՝ խոսելով Իրան-Հայաստան հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, տարածաշրջանում երկու երկրների դերի ու մի շարք այլ հարցերի մասին: Իրանական պարբերականի թղթակիցը կենտրոնացել է հատկապես էներգետիկ համագործակցության ուղղությամբ: Սերժ Սարգսյանը կարեւորել է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ ընդգծելով Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության կարեւորությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:

Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցմանը. Սերժ Սարգսյանը կարծում է, որ նման մեծածավալ նախագիծը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, եւ եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա, հնարավոր է, իրականացվի: Ամեն դեպքում, Հայաստանը շահագրգռված է մասնակցել տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին: Բացի այդ, Հայաստանն ամենակարճ եւ անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար: Մեր երկիրը, նախագահի հավաստմամբ, պատրաստ է հարթակ տրամադրել իրանցի եւ եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։

Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին հարձակման հետեւանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Մյուս վիրավորը դեռեւս ապաքինվում է: Հուլիսի 14-ի հարձակումից հետո Հայաստանի երկու քաղաքացիները Կահիրեի «Նասեր» հիվանդանոցում էին: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 28-ամյա երիտասարդը Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին դանակով հարձակվել էր զբոսաշրջիկների վրա: Գերմանացի երկու զբոսաշրջիկ սպանվել էր,  չորս մարդ՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորվել: Ավելի ուշ մահացել էր նաեւ Չեխիայի քաղաքացին:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վրաստանում հայտարարել է, որ Վաշինգտոնը սատարում է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Թբիլիսիի ձգտումն եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Վրաստանի վարչապետի հետ կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ Վրաստանը մի օր անպայման ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, հատկապես, որ արդեն գերազանցում է Դաշինքի սահմանած նպատակային ցուցանիշները:

Մայք Փենսը հետեւել է Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2017» զորավարժություններին, որին մասնակցող երկրների թվում է նաեւ Հայաստանը: ԱՄՆ փոխնախագահը հանդիպել է նաեւ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, պատրիարք Իլյա 2-րդի հետ: Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարը Մայք Փենսին ու նրա կնոջն անձնական նվերներ է փոխանցել, ինչպես նաեւ Թամար թագուհուն պատկանած հայտնի խաչի կրկնօրինակը՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի համար. այն ոսկե խաչ է՝ զարդարված թանկարժեք քարերով՝ մարգարտով, զմրուխտով եւ սուտակով։

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ: ԱՄՆ-ում գտնվող Սահակաշվիլին հայտարարել է, որ չի թաքնվելու Միացյալ Նահանգներում: Նա, սակայն, չի նշել, թե երբ է մտադիր վերադառնալ, փոխարենը հայտնել է, որ դատարանում բողոքարկելու է ուկրաինական քաղաքացիությունից իրեն զրկելու որոշումը: Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել է Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով: Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ Վրաստանի նախկին նախագահը հարցաթերթիկում կեղծ տվյալներ է նշել՝ թաքցրելով փաստը, որ հայրենիքում իր դեմ քրեական գործ կա հարուցված:

Օգոստոսի 1-ին եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է, փոքր-ինչ թանկացել է նաեւ դոլարը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 7 դրամ 98 լումա, ֆունտինը՝ 632 դրամ:

Օգոստոսի 2-6-ը հանրապետությունում բարձր ջերմային ֆոն է սպասվում: Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին մինչեւ +40 աստիճան է կանխատեսվում: Այդ օրերին միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով: Երեւանում օգոստոսի 2-ի գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +37+38 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ