Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում 2015թ. մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ երեխաներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Ռազմիկ Ավետիսյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի պաշտպան Լուսնթագ Բադալյանը։

Դատավճիռը կայացվել է հուլիսի 31-ին: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ավետիսյանին մեղավոր է ճանաչել, դատապարտել 7 տարվա ազատազրկման եւ զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով: Դատարանը բավարարել է նաեւ տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը եւ պարտավորեցրել Ավետիսյանին 2 մլն դրամ վճարել մահացած փոքրիկների հարազատներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռազմիկ Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։