Մոսկվայում հայերի եւ ուզբեկների միջեւ օգոստոսի 1-ին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով տուժել է ՀՀ 2 քաղաքացի:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայության՝ Նոր Մոսկվայի Կոմունարկա բնակավայրի շինհրապարակներից մեկում ս/թ․օգոստոսի 1-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է երկու ՀՀ քաղաքացի։ Վերջիններս ստացել են գլխուղեղի ցնցում և գլխի փափուկ հյուսվածքների վնասվածքներ։ Տուժած քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։
Միջադեպի մասնակից է եղել նշյալ վայրում շինարարական աշխատանքներ իրականացնող 9 ՀՀ քաղաքացի, մեկ Վրաստանի քաղաքացի և քառասուներեք Ուզբեկստանի քաղաքացի։
Ներկայումս ընթանում է հետաքննություն միջադեպի այլ մանրամասները պարզելու նպատակով։
Համաձայն ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը տրամադրված տեղեկատվության, զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել վերոնշյալ շինհրապարակում աշխատանքներ իրականացնող երկու խմբերի միջև՝ մոտ 60 անձ, որոնց մեծ մասը Ուզբեկստանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Միջադեպի ժամանակ կիրառվել են բահեր, մուրճեր և երկաթյա ձողեր: