News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանում Դավիթաշենի տներից մեկում օգոստոսի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներից 32-ամյա Նիկոլ Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է: Մյուս տուժածի՝ 20-ամյա Աշոտ Եփրեմյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա անգիտակից վիճակում է, միացված է արհեստական շնչառության ապարատին: Աշոտ եւ Նիկոլ Եփրեմյաններն ազգականներ են՝ հորեղբոր որդիներ, նույն փողոցում էին բնակվում:

Դեպքի վայրի զննությամբ երկու հրետանային արկ է հայտրաբերվել, մեկը՝ մասնատված: Նախնական տվյալներով՝ երիտասարդները փորձել են սղոցել արկի գլխիկը, ինչի արդյունքում էլ այն պայթել է: Առայժմ հայտնի չէ, սակայն, թե ինչպես են նրանք ձեռք բերել արկերը:

Մոսկվայում հայերի եւ ուզբեկների միջեւ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով Հայաստանի երկու քաղաքացի է տուժել: Նրանք գլխուղեղի ցնցում եւ գլխի փափուկ հյուսվածքների վնասվածքներ են ստացել: Միջադեպին մասնակցել են Նոր Մոսկվայի շինհրապարակներից մեկում աշխատողները: Ռուսաստանի իրավապահների տեղեկացմամբ՝ զանգվածային ծեծկռտուքին շուրջ 60 մարդ է մասնակցել, մեծ մասը՝ Ուզբեկստանի եւ Հայաստանի քաղաքացիներ: Նրանք բահեր, մուրճեր եւ երկաթյա ձողեր են գործի դրել:

Կառավարությունը կարկուտից, ցրտահարությունից ու սելավներից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցության տարբերակներ է փնտրում: Գործադիրի այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ տարերային աղետներից տուժած հողօգտագործողներին հողի հարկը, ոռոգման ջրի վճարն ու պետական աջակցության ծրագրով տրամադրված սերմերի գումարը զիջելու նպատակով:

Առողջապահության նախարարությունն էլ ծխելու դեմ պայքարի հերթական միջոցներն է ձեռնարկում: Լեւոն Ալթունյանի խոսքով՝ մինչեւ նոյեմբեր ծխելու դեմ նոր օրինագծեր են ներկայացնելու: Կառավարության նիստում նախարարը ներկայացրել է ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների վտանգի մասին: Վարչապետն արձագանքել է:

Ջերմուկ հանգստավայրային քաղաքի համար կառավարությունը 2017 թվականին 2.5 մլն դոլար է հատկացնելու: Դավիթ Լոքյանն ասել է՝ փորձում են զարգացնել մարզերի քաղաքները: Դրանք նաեւ շրջակա գյուղերի եւ ավելի փոքր քաղաքների համար ձգման կետ են դառնալու՝ յուրովի մեգապոլիս: Վարչապետին այս բնորոշումը զվարճացրել է:

«Սասնա ծռեր»-ի 18 անդամի գործով այսօրվա դատական նիստում կրկին միջադեպեր եւ վիճաբանություններ են գրանցվել դատավորի եւ պաշտպանների միջեւ: Պաշտպանները դատավորին բոլոր ամբաստանյալներին դահլիճ բերելու միջնորդություն են ներկայացրել, սակայն դատավորը մերժել է:

Դրանից հետո Արամ Մանուկյանը հայտարարել է, որ լքելու է նիստը: Վերջինին ցանկացել է միանալ նաեւ Հովհաննես Հարությունյանն ու փորձել է հայտարարություն անել: Արտուշ Գաբրիելյանը դա դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք է համարել եւ պահանջել նրանց հեռացնել նիստերի դահլիճից: Հեռանալիս Հովհաննես Հարությունյանը ձեռնափայտը նետել է հատակին, ինչից հետո ոստիկանները նրան հրելով հեռացրել են: Հարությունյանի նկատմամբ ուժի կիրառումն իրարանցում է առաջացրել դահլիճում: Հովհաննեսի մայրը սկսել է ձեռքերով հարվածել ապակե պատնեշին, իսկ մյուս մասնակիցները ամոթանքներ են հնչեցրել:

Հովհաննես Հարությունյանի մոր ինքնազգացողությունը վատացել է, ժամանած շտապ օգնության բժիշկներն օգնություն են ցուցաբերել: Իսկ փաստաբան Հայարփի Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների է հրավիրել՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն է կիրառվել: Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի եւ ոստիկանների հետ: Ավելի ուշ դատավորը հայտարարել է, որ Հարությունյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել. Արտուշ Գաբրիելյանի պնդմամբ՝ Հովհաննեսն ինքն է այդ մասին ասել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին: Գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվել է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը: Չնայած դրան՝ նա հայտարարել է, որ օրինագիծը մի շարք թերություններ է պարունակում:

Կոնգրեսի կողմից օրինագծի հաստատմանն ի պատասխան՝ Մոսկվան հայտնել է Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների մի մասին արտաքսելու մասին: Մոսկվան նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը շատ անհեռատեսական ու նույնիսկ վտանգավոր քաղաքական գիծ է

Պաշտոնական Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին։ Այստեղ նշել են, որ նոր պատժամիջոցների մասին օրենքը խախտում է Իրանական միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը։

Դոնալդ Թրամփը ցանկանում է փոխել ԱՄՆ-ում կեցության իրավունք՝ գրին քարտ ստանալու կանոնները: Նա փոփոխությունների օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է չեղարկել «գրին քարտ» ստանալու վիճակախաղը: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կեցության իրավունք ստանալիս առավելություն կունենան անգլերենին տիրապետող օտարերկրացիները, նաեւ նրանք, որոնք ամերիկյան տնտեսությանն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունեն: ԱՄՆ նախագահը կարծում է, որ «գրին քարտ»-ի պատճառով երկրում ցածր եկամուտ ունեցող միգրանտներ են հայտնվում, որոնք ձգտում են սոցիալական նպաստ ստանալ: Նշենք, որ «Տարբեր ազգություններից միգրանտների համար վիզայի ծրագրով իմիգրացիա» ծրագիրն ԱՄՆ-ում գործում է 1990 թվականից:

ԱԻՆ-ը կոչ է անում մի քանի օր զերծ մնալ Դեբեդ գետում լողալուց: Օգոստոսի 16-18-ին վաղ առավոտից մինչեւ երեկո Լոռու մարզի Արեւածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ»-ի ջրամբարի պատվարը բացվելու է՝ մաքրման աշխատանքների նպատակով: Արդյունքում Դեբեդի մակարդակը կարող է մինչեւ 2 մետր բարձրանալ: ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս նաեւ այդ ընթացքում խուսափել գետի ափամերձ տարածքներում ձկնորսությամբ, հողագործությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելուց:

Երեւանի «Փյունիկը» նոր մարզիչ ունի: Ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մեր թղթակցին հայտնել է, որ թիմը գլխավորելու է Մոսկվայի «Սպարտակ»-ի եւ «Դինամո»-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Երյոմենկոն: Մինչ այդ, նա եղել է Կարագանդայի «Շախտյոր»-ի եւ ֆիննական «Յարո»-ի գլխավոր մարզիչը: Թիմում կաշխատեն նաեւ Արմեն Գյուբուդաղյանցն ու Արմեն Պետիկյանը: Ամենայն հավանականությամբ՝ «Փյունիկը» շուտով կանվանափոխվի: Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ի վաճառքի մասին լուրը հայտնվեց մայիսի վերջին: Ակումբը պատկանում էր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Օգոստոսի 3-ին դոլարն ու եվրոն փոքր-ինչ թանկացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 567, ֆունտինը՝ 633, ռուբլունը՝ 7 դրամ 91 լումա:

Օգոստոսի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ