Փաստաբանների պալատի նախագահի եւ Դատական դեպարտամենտի ղեկավարի համատեղ հայտարարությունը փաստաբաններին զննության ենթարկելու մասին իրավական որեւէ ուժ չունի: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանի դիտարկմամբ, Պալատի նախագահը ստորագրել է մի փաստաթուղթ, որում շարադրված են Դատական դեպարտամենտի բոլոր ցանկությունները, որոնք փաստաբաններին խուզարկելու փորձ կատարելու առաջին իսկ օրերից ասում են դատական կարգադրիչները. «Իհարկե, սա բացասական երեւույթ է, եւ ցավալի է, որ Փաստաբանների պալատի նախագահը, որը պետք է զբաղվի փաստաբանների իրավունքները պաշտպանելով, հայտնվել է այն վիճակում, որում հայտնվել է: Այնուամենայնիվ, ես նաեւ դրական բան եմ նկատում, թող բոլորը տեսնեն եւ հասկանան, թե ինչ է կատարվում Փաստաբանների պալատում այսօր»:
Երվանդ Վարոսյանի խոսքով, համատեղ հայտարարությունը իրավական առումով որեւէ արժեք չունի, ավելին, իր համար անհայտ են ստորագրման իմաստն ու հասցեատերերը:
«Ո՞ւմ համար են գծել այդ կանոնները, ո՞ւմ համար են սահմանել ընթերակա հրավիրելու իրավունքը, որը որեւէ կերպ որեւէ օրենքով կարգավորված չէ: Ի՞նչ է նշանակում՝ երկու գերատեսչության ղեկավարներ իրար հետ նստեն, հնարեն, որոշեն եւ օրենքի ուժ տան: Այս փաստաթուղթն իրավական ուժ կարող է ունենալ ստորագրած երկու անձանց համար միայն, պետք չի մեզ ոչ մի հայտարարություն: Փաստաբանների պալատի վերջին տարիների գործունեության դառը փորձը հաշվի առնելով՝ լավ կլինի ոչ մի բան չհայտարարեն, զբաղվեն մարզամշակութային գործերով, հեծանվարշավներ կազմակերպեն, Մխիթար Գոշի գերեզմանին ուխտագանցություն կազմակերպեն, իրենց մոտ դա փայլուն է ստացվում, բայց փաստաբանության հետ կապված, կոնկրետ իրավունքի պաշտպանության ոլորտին վերաբերող հարցերով լավ կլինի իրենք չզբաղվեն, որովհետեւ իրենց զբաղվելու հետեւանքը սա է լինում»,- նշեց փաստաբանը:
Փաստաբան Տիգրան Եգորյանը նույնպես կարծում է, որ Փաստաբանների պալատի նախագահի եւ Դատական դեպարտամենտի ղեկավարի համատեղ հայտարարությունը որեւէ իրավական ուժ չունի: «Ինձ համար՝ որպես փաստաբանի, ինչպես նաեւ համոզված եմ շատերի համար, որեւէ նշանակություն չունի այս հայտարարությունը, այդ փաստաթղթը նաև ուղենիշային առումով արժեք չունի, այն նաև իրավական, մասնագիտական առումով հեղինակավոր, արժեքավոր փաստաթուղթ չի , որ գոնե հարգանք ներշնչի»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք այս հայտարարությամբ չի նշանակում, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների շահերը չի պաշտպանում, Տիգրան Եգորյանն արձագանքեց. «Նախ այդ հայտարարության ստորագրմամբ կոնկրետ խնդիրն իր բովանդակային առումով չի լուծվում, ուստի անհասկանալի է, թե դա ինչպես է կարելի համարել փաստաբանների շահերի պաշտպանության ակտ։ Բացի դրանից ցանկացած համայնքի ընդհանուր շահերին ուղղված գործողություն պետք է բխի հնարավորինս լայն և բազմակողմանի քննարկումների արդյունքում վերհանված եւ ձևակերպված նպատակներից և դիրքորոշումներից, ինչը տվյալ դեպքում չի արվել, ավելին կոնկրետ հարցին առնչվող տարբեր փաստաբաններ առաջ են քաշել հարցեր, որոնց Պալատը ևս չի անդրադարձել։ Հետևաբար, չեմ պատկերացնում թե Արա Զոհրաբյանը ինչպես է այդ հայտարարությամբ փաստաբանների շահերի պաշտպանություն իրականացնում, իսկ ձեր բարձրացրած հարցը շատ ակտուալ է առաջիկայում սպասվող Պալատի նախագահի ընտրությունների համար քաղաքական տեսանկյունից: Բնականաբար, նրա դիրքորոշումը տարբեր դատավարական գործընթացների եւ ինստիտուտների, ինչպես նաև, և որ ավելի կարևոր է, փաստաբանների շահերի պաշտպանության հետ կապված էական է, բայց քաղաքական համատեքստում: Սրա վրա պետք է բոլոր փաստաբաններն ուշադրություն դարձնեն փաստաբանության քաղաքական կյանքի առաջիկա ընտրությունների կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ քաղաքական դատավարություններով արդեն շուրջ 2 ամիս է՝ դատական կարգադրիչները փորձում են խուզարկել փաստաբանների: Նրանց մի մասը, հրաժարվելով խուզարկվելուց, հնարավորություն չեն ստանում ներս մտնել եւ մասնակցել դատական նիստերի: Օգոստոսի 3-ին Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համատեղ հայտարարությամբ է հանդես եկել Դատական դեպարտամենտի ղեկավարի հետ՝ փաստացի հայտարարելով, որ այսուհետ պետք է փաստաբանները «զննվեն», դրա համար նույնիսկ հատուկ կետեր սահմանելով:


























