News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում հողին են հանձնել օգոստոսի 1-ին սգո սրահում տեղի ունեցած սպանդի 4 զոհերին՝ Ամո Խուդոյանին, Զորո Օզմանյանին, Ամրո Օզմանյանին եւ Աղասի Քալոյանին:

Իսկ իրավապահները շարունակում են որոնել սգո սրահում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող 50-ամյա Թելման Քալաշյանին: Ոստիկանությունը նույնիսկ խոշոր դրամական պարգեւ է խոստացել Քալաշյանի գտնվելու վայրի մասին հավաստի տեղեկություններ հայտնելու կամ նրա հայտնաբերմանն իրական աջակցություն ցուցաբերելու համար՝ երաշխավորելով տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը:

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում այդպես էլ դատաքննության փուլին չեն կարողանում հասնել: Այսօր նույնպես պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը չեն կարողացել ներկայանալ նիստին: Պապիկյանը լրագրողներին ասել է՝ դատարանը դարձյալ իրեն ծանուցում չի ուղարկել նիստին ներկայանալու վերաբերյալ: Կարապետյանցն էլ հրաժարվել է զննություն անցնել՝ դա համարելով խուզարկություն: Արդյունքում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հանրային պաշտպան ներգրավելու որոշում է կայացրել, ինչից ամբաստանյալները հրաժարվել են: Նիստը հետաձգվել է, հաջորդը կկայանա օգոստոսի 11-ին:

«Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի գործերով դատավարություններն արդեն շուրջ 2 ամիս է՝ ուղեկցվում են սկանդալներով, ինչի պատճառը փաստաբաններին խուզարկելու՝ դատարանների կայացրած աննախադեպ որոշումն է։ Փաստաբանների մի մասը հրաժարվում է թույլ տալ, որ դատարան մտնելիս իրենց խուզարկեն, ինչի պատճառով զրկվում են նիստերին մասնակցելու հնարավորությունից, իսկ դատավարություններն անընդհատ ձգձգվում են՝ այդպես էլ չհասնելով դատաքննության փուլին։ Մինչ փաստաբանները բողոքում են՝ պահանջելով չոտնահարել իրենց իրավունքները, Փաստաբանների պալատը, որը կոչված է պաշտպանել նրանց, փաստորեն, փորձում է օրինականացնել պաշտպանների խուզարկությունները: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ փաստաբաններն այսուհետ պետք է դատարան մտնելիս պարտադիր «զննվեն»: Սա կրկին դժգոհություն է առաջացրել փաստաբանների շրջանում, որոնք արդեն երկար ժամանակ է՝ առճակատումների մեջ են Պալատի նախագահի հետ եւ խոսում են նրա ապօրինությունների մասին։ Նրանք նաեւ հավելում են, որ այս հայտարարությունը որեւէ իրավական ուժ չունի եւ չեն պատրաստվում հետեւել դրան։

Եվրոպայում սարսափելի շոգ է, օդերեւութաբանները հաղորդել են Աֆրիկայից եկող տաք հոսանքների մասին: Իտալացիներն այն արդեն Լյուցիֆեր են կոչել: Առաջիկա հանգստյան օրերին եվրոպական մայրցամաքում ռեկորդային բարձր ջերմաստիճան կլինի. այն կանցնի +40-ից: Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Խորվաթիայում ու եվրոպական այլ երկրներում օդի ջերմաստիճանը հասել է +47 աստիճանի: «Դժոխային» շոգը կպահպանվի առնվազն մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ:

Նորմայից բարձր օդի ջերմաստիճան է նաեւ Հայաստանում: Շոգ եղանակի հետեւանքով օձերն ու կարիճներն առանձնապես ակտիվացել են: Տարեսկզբից Հայաստանում մարդու վրա օձերի հարձակման 51 դեպք է գրանցվել: Խայթված քաղաքացիների թվով առաջատարը Երեւանն է. մայրաքաղաքում օձերի խայթոցից 16 մարդ է տուժել: Բարեբախտաբար, հարձակումներից ոչ մեկը մահացու ելք չի ունեցել:

Իսկ կարիճների խայթոցից Հայաստանում 102 մարդ է տուժել: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ այս դեպքում նույնպես առաջատարը Երեւանն է՝ 54 տուժածով: Կարիճի խայթելու դեպքեր են գրանցվել նաեւ Արմավիրի, Արարատի, Լոռու եւ Տավուշի մարզերում:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 17 տոկոսով։ Ընդ որում՝ գործարքների ավելի քան 70%-ը բաժին է ընկել Երեւանին: Ի դեպ՝ մայրաքաղաքին բաժին է ընկնում հանրապետության բնակֆոնդի կեսից քիչ ավելին՝ 53%-ը: Չնայած առքուվաճառքի ակտիվացմանը՝ Երեւանում բնակարանների մեկ քառակուսի մետր մակերեսի միջին շուկայական գները նվազել են։ Հունիսի տվյալներով՝ ամենամեծ գնանկումը Աջափնյակում է՝ 9.9%, ամենափոքրը՝ 0.9%, Նուբարաշենում: Փոխարենը 5.4%-ով աճել են Կենտրոնի բնակարանների գները:

Դոլարը շարունակում է դանդաղորեն աճել, թանկացել է նաեւ եվրոն: Օգոստոսի 4-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 7 դրամ 93 լումա, ֆունտինը՝ 629 դրամ:

Օգոստոսի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +39+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ