Beeline-ի աջակցությամբ կայացած «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի ընթացքում տեղի են ունեցել տասնյակից ավելի երգերի պրեմիերաներ: «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության «Հուսո առագաստ» երգի փառատոնն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 14-16-ը Սեւանի «Վիշապ» լողափում:
Երիտասարդ երգահաններից բացի՝ նոր ստեղծագործություններ ներկայացրին հայտնի բարդեր Ռուբեն Հախվերդյանն ու Արմեն Ադամյանը:
Շուրջ 100 մասնակիցներից 10-ը սկսնակ հեղինակային կատարողներ էին: Սակայն այդ պատասխանատու պահին նրանք միայնակ չէին. յուրաքանչյուր մասնակցի հետ անցկացվում էին վարպետության դասեր փորձառու բարդերի ղեկավարությամբ:
Բացի այդ, այս տարի առաջին անգամ հայ հեղինակներից բացի Սեւանի ափին հանդես եկան բարդեր Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Վրաստանից, ինչը թույլ տվեց հայ հանդիսատեսին եւ բարդերին եւս մեկ անգամ վայելել արտասահմանյան բարդը:
«Շատ հաճելի է տեսնել եւ մասնակից լինել երիտասարդների զարգացմանն ու մասնագիտական կայացմանը: Արվեստն այն ոլորտներից է, որը մեր բոլորի կյանքը դարձնում է ավելի լավը, եւ Beeline-ը հպարտ է իր աջակցությունը տրամադրել նման հրաշալի նախաձեռնությանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Այս տարի ոչ միայն փառատոնի աշխարհագրական շրջանակն էր ընդգրկուն, այլեւ մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ ունեինք Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից եւ Երեւանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց նաեւ այս տարի։ Այնպես որ փառատոնը լիովին հաջողված է 2017 թվականին եւս։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, գործընկերներին, առանձնապես՝ Հայաստանում Beeline-ին՝ փառատոնի գլխավոր հովանավորին, մեզ մշտապես սատարելու եւ մեր կողքին լինելու համար», - նշեց «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:
Նշենք, որ փառատոնի եզրափակիչ փուլի համերգին ներկա էր 150-ից ավելի հանդիսատես, այդ թվում եւ Գյումրու ու Վանաձորի մանկատների սաներ։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը: