News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին ընթերցել եւ ստորագրել է իրանցի ժողովրդին եւ իսլամական կարգին հավատարմության երդման տեքստը: Օգոստոսի 5-ին կայացած երդման արարողությանը ներկա են եղել մի շարք երկրների նախագահներ եւ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Սերժ Սարգսյանը:

Իսկ այսօր Հայաստանի նախագահը հանդիպել է իրանցի պաշտոնակցի հետ: Գործընկերները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության հարցեր, կարեւորել մի շարք այլ ոլորտներում իրականացվող համատեղ խոշոր ծրագրերն ու նոր եւ հեռանկարային նախագծերը: Հայաստանի եւ Իրանի նախագահներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին:

Երեւանում ծնված հնգյակի 4-րդ երեխան նույնպես մահացել է: Փոքրիկ Աննան վերակենդանացման բաժանմունքում էր, բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում նրան դուրս գրել հիվանդանոցից: Երեխան մահացել է մոտ 2 շաբաթ առաջ: Այսպիսով, անկախ Հայաստանի պատմության մեջ ծնված առաջին հնգյակից՝ 4 աղջիկ եւ մեկ տղա, ողջ է մնացել միայն Ռոզան: Նա հիվանդանոցից դուրս է գրվել հուլիսի կեսերին: Հնգյակը ծնվել էր մայիսի 3-ին, խորը անհաս՝ հղիության 28-րդ շաբաթում:

Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 4-ամյա երեխան վիրահատվել է: Փոքրիկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նա դեռեւս կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության ապարատին: Օգոստոսի 4-ի երեկոյան Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ 2121» մեքենային: Վթարի հետեւանքով վերջինի վարորդը՝ 36-ամյա Գեղամ Սարգսյանը, տեղում մահացել էր, իսկ նրա 4-ամյա որդին ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել: Մահվան ելքով վթարի գործով ձերբակալվել է «Ֆոլքսվագեն»-ի 26-ամյա վարորդ Սուրեն Ջեյրանյանը:

Վրաստանի ոստիկանությունը Հայաստանի 22-ամյա քաղաքացու է ձերբակալել: Նա մահացու վրաերթի է ենթարկել մի կնոջ ու նրա երեխային: Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածը Վրաստանի Սուրամիի շրջանում «Nissan Tiida» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել մայթին կանգնած մորն ու երեխային: Կինը 38 տարեկան էր, երեխան՝ 5: Երկուսն էլ տեղում մահացել են: Քրեական գործ է հարուցվել: Եթե վարորդի մեղքը հաստատվի, նա կարող է 6-10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվել:

Վրաստանի իշխանությունները հիմա էլ դիմել են Լեհաստանին՝ խնդրելով տվյալներ հաղորդել Միխայիլ Սահակաշվիլիի գտնվելու վայրի մասին: Նշենք, որ օգոստոսի 3-ին Կիեւն ԱՄՆ-ին, որտեղ գտնվում էր Սահակաշվիլին, եւ մյուս երկրներին տեղեկացրել էր, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլիի բոլոր անձնագրերը չեղարկվել են: Հայտնի չէ, սակայն, թե ինչպես է Օդեսայի նախկին նահանգապետն առանց փաստաթղթերի Լեհաստան ժամանել:

Վարշավայի դատախազությունից հայտնել են, որ արդեն միջոցներ են ձեռնարկում՝ պարզելու համար, արդյո՞ք Սահակաշվիլին դեռեւս Լեհաստանի տարածքում է: Վրաստանի դատախազությունն էլ հիշեցրել է, որ հայրենիքում նախկին նախագահի դեմ չորս քրեական գործ է հարուցված, որոնցով նրան մինչեւ 11 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն այս տարվա առաջին վեց ամիսներին աճել է: Հունվար-հուլիս ամիսներին այն կազմել է 1 մլն 373 հազար 856 մարդ՝ 28%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Միայն «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքն աճել է 24.7%-ով: Հավելենք, որ «Զվարթնոց»-ում եւ «Շիրակ»-ում վեց ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 24.2 տոկոսով ավելացել է նաեւ թռիչքների եւ վայրէջքների թիվը:

Չնայած շատ շոգ եղանակին՝ մայրաքաղաքում շարունակում են տարբեր փառատոններ կազմակերպել: «Երեւանյան ամառ 2017» նախագծի շրջանակում տեղի ունեցավ Yerevan Taraz Fest 2017-ը: Միջոցառման շրջանակում հայկական ապրանքանիշերի հետ միասին ներկայացվեցին նաեւ այլ երկրների ազգային հագուստներ, իսկ միջոցառումն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով: Երեկոյի ավարտին իրենց «Այնթապ», «Վերածնունդ» եւ «Արքայից արքա» հավաքածուները ներկայացրեցին հայ դիզայներներ Արամ Նիկոլյանը, Գեւորգ Շադոյանը եւ Լիլիթ Մելիքյանը:

Դոլարն ու եվրոն թուլացել են: Օգոստոսի 7-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 564, ռուբլունը՝ 7 դրամ 96 լումա, ֆունտինը՝ 624 դրամ:

Օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն: Առանձին հատվածներում մինչեւ +42 աստիճան եւ բարձր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում: Օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով: Հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաքում, օգոստոսի 8-ին տեղումներ չեն սպասվում: Երեւանում գիշերը կդիտվի +25+27, ցերեկը՝ +40+41 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ