News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի քանի օր է՝ Լոռու մարզի Դեբետ եւ Դսեղ գյուղերի բնակիչներն ահազանգում են. գյուղերում խոշոր եղջերավոր անասունների մոտ դաբաղ հիվանդություն է տարածված: Դեբետի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղի 800 անասունից հիվանդությամբ վարակված է 500-ից ավելին:

«Գյուղում անասունների անկման դեպքեր դեռևս չկան, սակայն գյուղացիների անասուններից վեցը վերջին օրերին անհետ կորել են, ու չի բացառվում, որ դրանք սարերում սատկած լինեն: Հիվանդության տարածվելու հետ կապված գյուղում երկու տեսակետ է շրջանառվում. կամ հիվանդության համար կիրառվող պատվաստանյութն անորակ է եղել, կամ հիվանդությունը ենթարկվել է փոփոխությունների ու դեղամիջոցն արդեն արդյունավետ չէ: Ավելի շատ հակված ենք առաջին տարբերակին»,- ասաց Աշոտ Ղազարյանը։

Հատկապես Դեբետում ու Դսեղում հիվանդության տարածումը գյուղացիները պայմանավորում են երկու գյուղերի՝ սարերին կից լինելով:

«Մեր երկու գյուղերի սարերն իրար կից են, ու անասունները կարող էին իրարից վարակվել»,- ասաց ավագանու անդամը:

Վերջինիս խոսքով՝ շուրջ 20 օր է, որ հիվանդությունը տարածվել է: Դեբետում վստահ են՝ տարածված հիվանդությունը հենց դաբաղ է․ «Եթե անասնաբույժը խորհուրդ է տվել դեղատնից գնել դաբաղի դեմ դեղ, նշանակում է՝ հիվանդությունը դաբաղ է»,- նշում է Աշոտը:

Ավագանու անդամի խոսքով՝ ներկայումս գյուղում են գտնվում Լոռու մարզի սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները՝ հիվանդության հետ կապված ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Հիվանդության պատճառով գյուղացիները լուրջ ֆինանսական վնասներ են կրում: Նրանք ոչ միայն զրկվել են անասունների կաթից, այլև ստիպված են մեծ գումարներ ծախսել բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները գնելու համար:

Նշենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը առայժմ չի հաստատում դաբաղի համաճարակի առկայությունը։ ՍԱՊԾ-ն տեղեկացրել է, որ ծառայությունը թեժ գծով կամ դիմումով չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից, սակայն ուսումնասիրում է լրատվամիջոցներում հրապարակված ահազանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ