Զբոսաշրջության ոլորտում մրցունակության տեսանկյունից միջազգային շուկայում Հայաստանը չի զիջում։ Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։
«Զբոսաշրջության ոլորտում ցանկացած թանկացում տհաճ է եւ կարող է բացասական հետեւանքներ ունենալ։ Բայց հարցն այլ է։ Մարդն ավելի շատ է վճարում, սակայն ավելի որակյալ ծառայություններ է ստանում»,-ասաց Ապրեսյանը՝ վստահեցնելով, որ հանգստացողները կկարողանան իրենց հանգստից ավելի շատ հաճույք ստանալ։
Նրա խոսքով՝ մի շարք թանգարան-արգելոցներում տոմսերի թանկացումից հետո կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից «Գառնի» թանգարան-արգելոցի եւ «Զվարթնոց» պատմական թանգարան-արգելոցի մուտքի տոմսերի արժեքը կթանկանա մի քանի անգամ։