News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես 5000 տարի առաջ․ օջախը, դրա շուրջ խոհանոցային կահկարասին։  Հնագիտության մեջ դա կոչում են in situ վիճակում։

Այստեղ մի քանի անգամ եղել են հրդեհներ, որոնց պատճառներն անհայտ են՝ արդյոք բնակավայրը հրկիզվել է թշնամիների կողմից, թե դա եղել է կենցաղային հրդեհ, բարդ է ասել։ Բայց հրդեհի հետքեր կան, նաև կան մի քանի հնագիտական շերտեր, որոնք վկայում են այն մասին, որ այս վայրում կյանքը մի քանի հազարամյակ եռացել է ։

Գեղարոտ՝  այսպես է կոչվում հնագիտական հուշարձանը Հայաստանի Արագածոտնի մարզի համանուն գյուղի մոտակայքում գտնվող բլրի վրա։ NEWS. am-ի թղթակցին հայ- ամերիկյան գիտարշավի ղեկավար, հնագետ Ռուբեն Բադալյանը պատմել է, որ 20 տարի առաջ ստեղծվել է «Արագած» նախագիծը, որի շրջանակում ոչ միայն պեղումներ են իրականացվում, այլև ամբողջ հարակից տեղանքի համալիր հետազոտություն՝ Ծաղկահովիտից սկսած Քասախ գետի հունով մինչև Ապարանի գոգավորություն։  

Գեղարոտում այս տարի հնագետները երկու կառույցներ են հետազոտում։ Մեկը, ենթադրաբար, բնակելի տուն է, որը տարեգրված է մ․թ․ ա 3-րդ հազարամյակով։ Ավելի ճշգրիտ նկարագրությունը հնարավոր կդառնա այստեղ հավաքված ամբողջ նյութի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։

«7 մետր տրամագծով քարից այս կլոր շինությունը բնորոշ էր քուռ-արաքսյան մշակույթի համար։ Այս վայրում մենք ունենք կառուցապատման մի քանի փուլեր։ Հիմա հնագետները մաքրում են վերին շերտը, բայց դրա տակ կան ավելի հին կառույցներ, որոնք այդ նույն մշակույթին են պատկանում»,- ասում է Ռուբեն Բադալյանը։

Երկրորդ շինությունը, որտեղ հիմա աշխատում է գիտարշավը, գտնվում է բնակավայրի ծայրամասում։ Բլրի եզրին, ինչպես հնագետներն են ենթադրում, դամբարանադաշտ էր գտնվում։  «Երկու տարի առաջ, պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազվագյուտ,  անալոգը չունեցող ու ճարտարապետական տեսակետից դժվար ընթեռնելի համալիր։ Այն ունի հենապատ, որի անհրաժեշտությունը թելադրված է լանջի թեքությամբ։ Մեր նախնիները իրականացրել են ծավալուն ինժեներական աշխատանք»,- պարզաբանում է հնագետը;

 

Հենապատի հետեւում հատակագծով ապսիդա հիշեցնող բացօթյա տարածք է՝ երեք դամբարաններով։ Այստեղ չեն հայտնաբերվել կենցաղի որևէ առարկաներ կամ աշխատանքի գործիքներ կամ մարդու կենսագործունեության հետքեր։ Հնագետները ենթադրում են, որ այդ տարածքը ծիսակարգային նշանակություն է ունեցել, այն կապակցված է եղել թաղման արարողության հետ։

Բլուրը, որի վրա գտնվում է Գեղարոտ հուշարձանը, զբաղեցնում է 7 հա տարածք։ 20 տարվա պեղումների ընթացքում հետազոտվել է մոտ 3000 քառ․ մետրը։ « Մակերեսով դա հուշարձանի աննշան մասն է, բայց մենք չգիտենք, արդյոք լանջերը ամբողջությամբ ե կառուցապատված, թե այստեղ առանձին շինությունների օջախներ են։ Այդուհանդերձ, եթե 20 տարում մենք ընդամենը 3000 քառ մետրն ենք հետազոտել, ապա այստեղ դեռ մի քանի սերունդի աշխատանք կա»,- ասում է Ռուբեն Բադալյանը։

Իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին անգամ այս տարածքը բնակեցվել է մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջին, 3-րդի սկզբին, հետո եղել է ընդմիջում, որի պատճառն անհայտ է, հետո Գեղարոտը նորից է  կառուցապատվել հետագա 100-150 տարիներին։ Հետո ավելի երկարատև ընդմիջում է եղել, ու կյանքի հետքեր  այդտեղ նորից դիտարկվում են արդեն ուշ բրոնզե դարում, մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի կեսերից մինչև մեր թվարկություն։ Այդ ժամանակ բնակեցվել է ոչ միայն Գեղարոտ բլուրը, այլև բոլոր հարակից բլուրները։ Ու մինչև առաջին հազարամյակի սկիզբը՝ այսինքն 5-6 դար, այստեղ եղել է շատ ակտիվ կյանք, ինչի մասին է վկայում  կիկլոպյան ամրոցը բլրի գագաթին ու դիտակետերը մոտակա բարձունքներում։  «Գեղարոտը գտնվում է Փամբակի լենռաշղթայի վրա, ու այն ժամանակ ռազմավարական նշանակություն է ունեցել՝ այն վերահսկում էր մետաղի առևտուրը Լոռու «հայրենակիցների» հետ»,- ասում է հնագետը։

Մասնագետներին հայտնի չէ, թե ինչ պատճառով է բնակչությունը լքել այս վայրը։ Ավերածության հետքեր այստեղ չկան։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մարդիկ այստեղից հեռացել են հարավ, ու այն ամենը, ինչ ներկայացված չէ Գեղարոտում, կա արդեն Ապարանի ամրոցում, որը այս պահին նույնպես հետազոտվում է հնագետների կողմից։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ