News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ուշադրություն է հրավիրել պետական գույքի վարձակալության տրամադրման կարգի ուղղությամբ: Գործադիրն ուսումնասիրություն է արել եւ դեպքեր հայտնաբերել, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից շատ ավելի պակաս վարձավճար է սահմանվել, կամ էլ վարձակալության հանձնված գույքը ենթավարձակության է տրվել: Հանձնարարել է նման մեքենայությունները կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

Տրանսպորտի փոխնախարարից էլ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե ինչու մինչեւ հիմա ոչ մի կերպ չեն ավարտվում Սեւանի մայրուղու շինարարական աշխատանքները: Գագիկ Գրիգորյանը պարզաբանել է. միայն կամուրջն է մնացել, մյուս շինաշխատանքներն օգոստոսի 26-ից են սկսելու:

Առողջապահության նախարարությունը մարզերի բուժհիմնարկների օպտիմալացման ծրագիր է ուզում իրականացնել: Ուսումնասիրել են ու հասկացել, որ այդքան շատ բուժհաստատությունների կարիք չկա: Կկրճատվի հիմնականում Արագածոտնի եւ Լոռու մարզերի հիվանդանոցների թիվը, իսկ սպասարկման ծախսերի կրճատման արդյունքում 200 մլն դրամ կխնայեն:

Նիստերի դահլիճից դուրս էլ լրագրողները հետաքրքրվել են Լոռու մարզի գյուղերում տիրող իրավիճակից. անասունները հիվանդացել են, բայց մինչեւ չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչ հիվանդությամբ: Գյուղացիները դաբաղի կասկածներ ունեն: Իգնատի Առաքելյանը, սակայն, չի կարողացել հաստատել. սպասում է լաբորատոր փորձաքննության տվյալներին: Շոգ եղանակի պատճառով նաեւ ջրի պակաս կա: Գյուղնախարարությունը տեղյակ է իրավիճակին եւ քայլեր է ձեռնարկել՝ հնարավորինս կանոնավոր ոռոգում ապահովելու համար:

Տնտեսական ոլորտից հետաքրքրող հիմնական հարցը Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներն են եղել: Մտավախությունն այն է, որ դրանք հիմնականում էներգետիկ ոլորտին են առնչվում: Արդյո՞ք դա չի անդրադառնա նաեւ Հայաստանի վրա: Տնտեսական զարգացման նախարարն այս կարծիքը չի կիսում: Սուրեն Կարայանի հետ, կարծես, համամիտ չէ արտաքին գործերի փոխնախարարը:

Արցախի հետ շփման գծում Ադրբեջանը հարաբերական անդորր է պահպանում, փոխարենը, կարծես, ակտիվացել է Հայաստանի հետ սահմանին: Լրագրողները Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել են, թե ինչը կարող է սրա պատճառը լինել: Պաշտոնյան հիշեցրել է, որ Բաքվի քաղաքականությունը եղել եւ մնում է ուժային, շանտաժի տարբերակը:

Երեւանի ծննդատներից մեկում եռյակ է ծնվել: Նորածինների հայրը՝ Մնացական Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1 տղա եւ 2 աղջիկ են ունեցել: Ծնողները երեխաների համար անուններ դեռ չեն որոշել: Պետրոսյանները Քասախ գյուղի բնակիչներ են: 30-ամյա կնոջ եւ երեխաների վիճակը բավարար է:

«Վեոլիա ջուր»-ը պաշտոնապես դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները բարձրացնելու խնդրանքով: Հանձնաժողովը հայտը կուսումնասիրի 80 օրվա ընթացքում: Ընկերությունն առաջարկում է գործող 180 դրամի փոխարեն ջրի սակագին սահմանել 194.3 դրամը: Խոշոր բաժանորդների համար էլ ուզում են 54 դրամի փոխարեն սակագինը հասցնել 58.3-ի:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշում է, որ «Վեոլիա ջուր»-ը կառավարության հետ պայմանագիր ունի, որում սահմանված սակագնային համաձայնագրի համաձայն՝ 2018 թվականին ջրի բազիսային սակագինը պետք է լինի 186 դրամ: Նա նաեւ հերքել է տեղեկություններն այն մասին, որ պայմանագրով նախատեսվում էր առաջիկա երկու տարում չբարձրացնել ջրի սակագինը:

Հաղարծինի ճանապարհին մահացած հայտնաբերված 32-ամյա տղամարդու սպանության գործով քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել: Պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ Սամվել Գեղամյանն է, նրան հուլիսի 31-ից որպես անհետ կորած էին որոնում: Տղամարդու պարանոցին կպչուն ժապավեն էին հայտնաբերել: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրան խեղդամահ են արել: Ենթադրյալ հանցագործին կամ հանցագործներին որոնում են:

Կապանում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիների վիճակը միջին ծանրության է: Կապանի բուժկենտրոնից մեր թղթակցին տեղեկացրել են, որ 24-ամյա Արթուր Հարությունյանի եւ 33-ամյա Հայկ Հարությունյանի մոտ առկա է ուղեղի ցնցում եւ սալջարդեր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 9-ի երեկոյան, Կապանի Ձորք թաղամասի հեղուկ գազի լցակայանում: Տուժածները լցակայանի աշխատակիցներն են:

Արդեն սկսել են կանխատեսումներ անել Apple-ի նոր արտադրանքի՝ iPhone 8-ի մասին:  iPhone 8-ը, iPhone 7s-ը եւ iPhone 7S Plus-ը վաճառքի կհանվեն 2017 թվականի սեպտեմբերին: Բոլոր երեք մոդելներն էլ ապակե կաղապար կունենան, ինչն անլար լիցքավորման հնարավորություն կտա: iPhone 8-ը կթողարկվի երեք գույնով՝ սեւ, արծաթագույն ու ոսկեգույն: Այն առնվազն 1000 դոլար կարժենա: iPhone 8-ը չի ունենա HOME կոճակը. էկրանը կզբաղեցնի ճակատային ամբողջ մասը: Նոր սմարթֆոնը զինված կլինի նոր տեխնոլոգիայով, որը կկարողանա ճանաչել օգտատերերի դեմքերը: Ամերիկյան ընկերությունը, սակայն, իր նոր արտադրանքի մասին պաշտոնական որեւէ տեղեկություն դեռւես չի հաղորդում:

Դոլարի փոխարժեքն այսօր էլ աճել է, իսկ եվրոն շարունակում է զիջել դիրքերը: Արդյունքում օգոստոսի 10-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 560, ռուբլունը՝ 8 դրամ, ֆունտինը՝ 621 դրամ:

Օգոստոսի 11-15-ը հանրապետությունում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ ընթացքում նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 7: Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 11-ին օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: Երեւանում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +37+38 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ