News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արդեն երկրորդ օրն է՝ հրշեջները Վայոց ձորում պայքարում են անկառավարելի հրդեհի դեմ: Օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 7-ին խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը տարածվել է մոտ 500 հեկտարի վրա: Աշխատանքներին ներգրավված է 9 մարտական հաշվարկ եւ մոտ 500 մարդ: Հրշեջներին օգնում են ոստիկանական ուժերը եւ մոտակա Արտավան գյուղի բնակիչները: Առաջին անգամ հրդեհը մարելու համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները եւ մասնավոր ընկերության ծանր տեխնիկան: Հրդեհը դեռեւս գյուղին չի սպառնում, բայց կարող է մոտենալ խիտ անտառին։ Հրդեհի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ: Մարման աշխատանքները տեղում կառավարում են ԱԻ եւ բնապահպանության նախարարները,  ներգրավված է ռազմաօդային ուժերի ուղղաթիռը: Հրդեհի մարման աշխատանքները բարդացնում են քամին եւ տեղանքի բարդ աշխարհագրական դիրքը: Ժամը 21:00-ի դրությամբ դեռեւս չէր հաջողվել մարել կրակը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն արձակուրդ է մեկնում. օգոստոսի 15-ից սկսած 4 օր նրան կփոխարինի Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Մինչեւ այդ Կարեն Կարապետյանն օգոստոսի 13-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Քննչական կոմիտեն հայտնել է արտառոց դեպքի մասին. Վրաստանի ադրբեջանական գյուղում Հայաստանու քաղաքացուն 14 տարի պահել են ստրկության մեջ եւ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկել: Հայ տղամարդը 2003թ. Վրաստան է գնացել աշխատանք գտնելու, այդ հարցով դիմել է  պատահական վարորդի, որն էլ նրան տեղափոխել է ադրբեջանցիներով բնակեցված Սողանլուղ գյուղ, որտեղ ադրբեջանցի ընտանիքի անդամները նրան մինչեւ 2017թ. մայիս պահել են ստրկության վիճակում, առանց վարձատրության աշխատեցրել են եւ պահել անմարդկային պայմաններում: Դեպքը բացահայտելուց հետո տղամարդը տեղափոխվել է  Հայաստան:

Երեւանի դատարաններից մեկում շուտով կմեկնարկի ուշագրավ դատական գործ. Հնդկաստանի երկու քաղաքացիներ մեղադրվում են Հայաստան՝ հնդիկների ապօրինի ներգաղթ կազմակերպելու մեջ: Նրանց այդ հարցում օգնել են Հայաստանի քաղաքացի Աննա Էլոյանը եւ կեղծ փաստաթղթեր տրամադրել: Երեքն էլ ստորագրությամբ ազատ են արձակվել:

Սիրիայի կառավարական ուժերը Ռաքքա քաղաքում իսլամիստների ձեռքից ազատել են երկու հայ ընտանիքի: «Իսլամական պետության» կողմից քաղաքը գրավելուց հետո նրանք չեն կարողացել հեռանալ եւ ստիպված են եղել հանդուրժել մշտական ծաղրանքն ու ստորացումները: Իսլամիստները նրանց ստիպել են հսկայական տուրքեր վճարել, իսկ կանանց՝ գլխաշոր կրել:

Վերջին տարիներին կտրուկ աճել է Գրին քարտի վիճակագրությանը մասնակցող հայաստանցիների թիվը. եթե 2010թ. «ամերիկյան երազանքի» վիճակախաղին մասնակցել է ընդամենը 20 հազար մարդ, ապա 2015թ. նրանց թիվը եղել է 56 հազար: Չնայած դրան, վիզա ստացածների թիվը չի աճել: Նշենք, որ ամեն տարի Գրին քարտի վիճակահանությանը խաղարկվում է ընդամենը 50 հազար վիզա ամբողջ աշխարհի համար:

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարը մոտենում է ավարտին. վերջին տուրը օգոստոսի 11-ին է, երբ կորոշվի մրցաշարի հաղթողը: Երեք հավակնորդներից մեկը Լեւոն Արոնյանն է, որը առաջատար հորիզոնականը կիսում է նույն միավորներն ունեցող Վիշվանաթան Անանադի եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Արոնյանի այսօրվա մրցակիցը Մագնուս Կարլսենն է, որը, սակայն, ունի չորս ու կես միավոր: Վճռորոշ հանդիպումից առաջ Արոնյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին, որում մանրամասներ է պատմել դեպի շախմատային Օլիմպոս տանող ճանապարհին ունեցած դժվարությունների մասին: Գրոսմայստերը հիշել է, որ 23 տարի առաջ, երբ նվաճեց իր առաջին տիտղոսը միջազգային մրցաշարում, Հունգարիա էր մեկնել մոր հետ, սակայն, հյուրանոցի համար գումար չունeնալու պատճառով ամբողջ մրցաշարի ընթացքում մայրն ապրել է ավտոբուսում: Նշենք, որ իր վերջին հաղթանակից հետո Արոնյանի վարկանիշը բարձրացել է եւ նա կրկին աշխարհի երկրորդ շախմատիստն է Մագնուս Կարլսենից հետո:

Ի դեպ, հայկական շախմատի առաջատարը նաեւ ասել է, որ ամուսնանալու է աշնանը։ 34-ամյա Արոնյանի եւ նրա ընտրյալի՝ ֆիլիպինուհի Արիանայի հարսանիքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Երեւանում։

 Եվրոյի փոխարժեքը մեկ օրում աճել է երկու դրամով եւ կազմել 562 դրամ: Դոլարը, ֆունտը եւ ռուբլին աննշան էժանացել են՝ կազմելով համապատասխանաբար 478, 620 եւ 7.95 դրամ:

Օգոստոսի 12-14-ը Հայաստանում ջերմաստիճանը նորմայից 4-5 աստիճանով բարձր կլինի: 15-ից սկսած ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով: Վաղը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը՝ մինչեւ 39, գիշերը՝ մինչեւ 25 աստիճան տաքություն

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ