News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«ԱՐՄՌՈՍՍ» իրավաբանների հայ-ռուսական միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը հերքել է ռուս քաղաքագետ Օլեգ Կուզնեցովի ու նրա փաստաբանի միանշանակ պնդումներն այն մասին, որ քրեական գործի հարուցումը կմերժվի։

 NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով վերոնշյալ պնդումները՝ Ռուբեն Կիրակոսյանը նշել է, որ հիմա  մինչքննչական ստուգումն է ընթանում, սա սովորական ընթացակարգ է, որը կարող է տեւել մինչեւ երկու ամիս։ «Գիրքը փոխանցվել է փորձագետների խմբին հետազոտության համար, որպեսզի պարզվի արդյոք այնտեղ կան արտահայտություններ, որոնք կարող են քրեորեն հետապնդելի լինել։ Բուն գիրքը բաց վաճառքի դրված չէ։ Հետազոտության արդյունքներով պատկերը հստակ կդառնա։ Եթե փորձագետները դրա մեջ հայտնաբերեն արտահայտություններ, որոնք առաջացնում են ազգային, ռասսայական ատելություն, ապա դա արդեն հանցակազմ է։ Եթե փորձագետները եզրակացնեն, որ նման բաներ գրքում չկան, ուրեմն որոշում կկայացվի քրեական գործի հարուցման մերժման մասին»,- նկատեց Կիրակոսյանը։

«Իրավիճակը խորանում է նրանով, որ արդեն ստանդարտ ընթացակարգի ժամանակ նկատելի է մեծ հիստերիա իմ ընդդիմախոսի կողմից, նա մշտապես հարցազրույցներ է տալիս ադրբեջանական մամուլին, եզրակացություններ անելով, որ քրեական գործի հարուցումը կմերժվի։ Նույնն է ասում նաեւ նրա փաստաբանը։ Դա չի կարող չմտահոգել, քանի որ ընթացակարգի ընթացքում մենք արդեն բազմիցս բախվել ենք նրան, որ ընդդիմախոսն ունի տեղեկություններ, որը նա ըստ էության չպետք է ունենար, քանի որ դրանք քննության գաղտնիքների մեջ են մտնում։ Մենք որոշակի պատկերացումներ ունենք այն մասին, թե ինչպես է ընթանում քննությունը, մենք հավաքում ենք տեղեկություններ ու հարկ եղած դեպքում դրանք կփոխանցենք հաջորդ ատյան։ Տվյալ ստուգումը նախաձեռնվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար պարոն Բաստրիկինի անձնական կարգադրությամբ ու գտնվում է նրա անձնական հսկողության ներքո»,- շեշտեց փաստաբանը։

Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ փորձագիտական հաստատություն է հետազոտությունն իրականացնում։ «Մեզ այդ տեղեկատվությունը չեն տրամադրում։ Մենք փորձում ենք օրինական միջոցներով պարզել, թե դա ինչ փորձագիտական հաստատություն է։ Դա հատկապես կարեւոր է, որովհետեւ 2015-ին այդ գիրքն արդեն հետազոտվել է փորձագետների կողմից ու որոշում էր կայացվել մերժել քրեական գործի հարուցումը, հանցակազմի բացակայության կապակցությամբ։ Մենք ուզում ենք ծանոթանալ նախորդ փորձաքննության հետ, տեսնել, թե ինչ հարցեր են եղել դրված փորձագետների առաջ, որտեղ է անցել փորձաքննությունը, ինչպես է ստացվել նման արդյունք»։

«Ես չեմ պնդում անձի մեղավորությունը կամ անմեղությունը, ես պարզապես ուզում եմ գնահատական տալ։ Սա ընդունված պրակտիկա է, ու զգացմունքները անտեղի են։ Ես եզրակացություններ չեմ անում ու չեմ մեղադրում, պարզապես ուզում եմ հասկանալ։ Ես լեզվաբան կամ պատմաբան չեմ։ Սակայն համարում եմ, որ գրքում կան ձեւակերպումներ, որոնք թույլ են տալիս անել համապատասխան եզրակացություներ, քանի որ հեղինակը սուբյեկտիվ գնահատական է տալիս պատմությանը, անում է այնպիսի եզրակացություններ ռուսալեզու ընթերցողի համար, որը ծանոթ չէ պատմությանը, որոնք չեն համապատասխանում օրենքներին, Հայոց ցեղասպանությունն ընդունելու մասին Պետդումայի որոշմանը, ինչն ինքնին խախտում է։ Հեղինակը պնդում է, որ դրանք հորինված բաներ են, նման բան չի եղել, որ հայերը չեն կարողանում ոչ մեկի հետ լեզու գտնել,օտար են բոլոր ժողովուրդների ու ազգերի համար, հոգեկան անոմալիաներ ունեն։ Ես համարում եմ, որ գիրքը սպառնալիք է ազգամիջյան հարաբերությունների համար»,- նկատեց Ռուբեն Կիրակոսյանը։ «Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, ազգայնականությամբ չեմ տառապում։ Պարզապես համարում եմ, որ ցանկացած գիտական աշխատություն, եթե դա գիտական հետազոտություն է, պետք է անցնի փորձագիտական հետազոտություն»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ