Հունիսին շարունակվել է Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքի աճը։ Փոխանցումների գումարը տարեկան կտրվածքով աճել է 12․3 մլն դոլարով կամ 9․1 տոկոսով, այդ թվում Ռուսաստանից՝ 7․8 մլն դոլարով, կամ 8․9 տոկոսով։
Եթե համեմատենք մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած տեղաշարժերը՝ ապա անցած կիսամյակի արդյունքները նույնպես տպավորիչ են։ Փոխանցումների գումարն ավելացել է 102․3 մլն դոլարով կամ 16․4 տոկսով։ Այդ թվում Ռուսաստանից՝ 54․9 մլն դոլարով կամ 15․5 տոկոսով։ Սակայն հաշվի առնենք, որ անցած տարի գրանցվել էին Ռուսաստանից դրամական փոխանցումների վատագույն ցուցանիշները (տե՛ս գրաֆիկը)։ Այսինքն համեմատությունների համար բազան ցածր է եղել։
Հունվար- հունիս կտրվածքով, 2014-2017 թթ․ Ռուսաստանից դրամական փոխանցումների գումարը կրճատվել է 35 տոկոսով։ Միաժամանակ գրեթե 2․2 անգամ աճել է նաեւ մնացած երկրների մասով ցուցանիշը։ Արդյունքում Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր գումարի մեջ Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է՝ 81 տոկոսից հասնելով մինչեւ 57 տոկոս։
Պաշտոնական հրապարակումներում դրամական փոխանցումների ցուցանիշը ներկայացվում է դոլարով։ Կարելի է ենթադրել, որ իրականում փոխանցումների զգալի մասն իրականացվում է հենց այդ արժույթով։ Դեռ երեք տարի առաջ նշվում էր, որ դոլարով փոխանցումների կրճատման հիմնական պատճառը Ռուսաստանում դոլարի փոխարժեքի ամրապնդումն էր։
Եթե «ռուսական» փոխանցումների գումարը դոլարից ռուբլու վերածենք ՝ ապա պատկերը արմատապես կփոխվի՝ վերոնշյալ անկումը (35 տոկոսով) փոխարինվում է աճով (8 տոկոսով)։ Ստացվում է, որ հունվար- հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան ռուբլով ավելի շատ գումար է ուղարկվել, քան երեք տարի առաջ։ Սակայն Ռուսաստանում դոլարի զգալի՝ գրեթե 1․7 անգամ ամրապնդումը զրոյացրել է այդ դրական տեղաշարժը։
Ռուսաստանում դոլարի հետագա փոխարժեքի մասին տարբեր գնահատականներ ու կանխատեսումներ կան։ Փորձագետների մի մասը հավաստիացնում է, որ դոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքը կայունացել է, ու կտրուկ փոփոխություններ չեն ակնկալվում։ Երկրի տնտեսությունն աճ է գրանցում, ռուբլու փոխարժեքը դոլարի հանդեպ արդեն նվազ կախված է նավթի համաշխարհային գներից։
Բացի դրանից՝ Brent տեսակի նավթի գները նորից գերազանցել են բարելի դիմաց 50 դոլարը։ Մինչդեռ Ռուսաստանի 2017 թ․ դաշնային բյուջեում (նաեւ մինչեւ 2020թ ժամանակահատվածում) արտահանվող նավթի միջին գինը ամրագրված է ընթացիկից ցածր ՝ բարելի դիմաց 40 դոլարի սահմանում։
Սակայն նույնիսկ լավատեսաբար տրամադրված մասնագետները բացառում են դոլարի փոխարժեքի վերադարձը 30 ռուբլու նշաձողին։ Դրա համար էլ , բոլոր մյուս հավասար պայմանների դեպքում, Հայաստանի համար փոխանցումների ռեկորդը (2014 թ․) արդեն չի կրկնվի։ Ի դեպ, առանձին փորձագետներ «կանխատեսում են», որ Ռուսաստանում դոլարի փոխարժեքը մոտակա հեռանկարում կաճի մինչեւ 100 ռուբլի։ Հասկանալի է, որ նման տարբերակը, բացի ամենայնից, աղետալի հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար։ Բայց նման մռայլ կանխատեսումներ վաղուց են հնչում, ու բարեբախտաբար, դրանք չեն իրականանում։
Սմբատ Գրիգորյան