News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վայոց ձորում եւ «Խոսրովի անտառում» մոլեգնող անտառային հրդեհները շարունակում են մնալ օրակարգի գլխավոր թեման: Վայոց ձորի հրդեհը հաջողվել է մեկուսացնել միայն այսօր՝ բռնկվելուց 5 օր անց:Արդյունքում այրվել է 15 կիլոմետր խոտածածակ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառներ:

«Խոսրովի անտառում» կրակը սանձել դեռեւս չի հաջողվում, այստեղ պաշտոնական վերջին տվյալով՝ այրվել է 16 կիլոմետր պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ: Նախօրեին երեկոյան Հայաստան ժամանած ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն արդեն 5 թռիչք է իրականացրել՝ փորձելով մարել ամենավտանգավոր թիրախները:

Ստեղծված իրավիճակը հասարակության շրջանում մի շարք հարցեր է բարձրացրել. ինչո՞ւ հենց առաջին օրն ինքնաթիռ չխնդրեցին Ռուսաստանից, արդյոք սա նշանակում է, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ չէ դիմակայելու նման աղետների, ինչու են միայն հիմա սկսել մտածել կանխարգելիչ միջոցառումների մասին, եւ ինչու ԱԻՆ-ը միջոցներ չէր նախաձեռնում, երբ գրեթե ամեն օր հանրությանը զգուշացնում էր, որ երկրում երկրում խիստ հրդեհավտանգ վիճակ է:

Բնապահպանները սա արդեն որակել են ամենախոշոր հրդեհը վերջին 25 տարիների ընթացքում, ավելին, նրանք պնդում են, որ հրդեհի տարածման իրական ծավալները շատ ավելի մեծ են՝ մոտ 10 հազար հեկտար: Նրանց հաշվարկներով, Խոսրովի անտառում շուրջ 35 հազար հեկտար պահպանվող տարածք կարող է ամբողջությամբ վերանալ, խոսքը տասնյակ հազարավոր ծառերի մասին է, որոնց մեծ մասը մի քանի հարյուր տարեկան են: Կրակը մարելու աշխատանքներին աջակցելու համար «Խոսրովի անտառ» կամավորներ են մեկնում, դեպքի վայրում եղածները պնդում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող փրկարարների թիվը շատ փոքր է, ջուր հասցնող տեխնիկան բավարար չէ: Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդարանում է՝ կրակի մարմանը խոչընդոտում է տեղանքի բարդությունը, տեւական ջերմային բարձր ֆոնը, տեղումների բացակայությունը եւ քամին, նախօրեին առավոտյան գրեթե մարած օջախները կեսօրին կրկին բռնկվել են արեւի եւ քամու պատճառով: Այդ մասին այսօր Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահին զեկուցել է նախարար Դավիթ Տոնոյանը: Նրանից բացի խորհրդակցությանը մասնակցում էին բնապահպանության, գյուղատնտեսության նախարարները, նաեւ գլխավոր դատախազը

Արծվիկ Մինասյանը բացատրել է, որ հրդեհի տարածմանը նպաստում են նաեւ Խոսրովի անտառում այրվող ծառերի առանձնահատկությունները:

Գլխավոր դատախազն իր հերթին զեկուցել է՝  Վայոց ձորի հրդեհի հեղինակը հայտնի է, նա խոստովական ցուցմունք է տվել ու պատմել, թե ինչպես է հրդեհը բռնկվել:

Ինչ վերաբերում է Խոսրովի անտառին, հրդեհի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ: Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրավիճակը պահել խիստ հսկողության տակ եւ զեկուցել իրեն:

Հույս կա, որ հրդեհաշիջման համար անհրաժեշտ ռեսուրսների պակասը կլրացնի եղանակը. օդերեւութաբաններն արդեն վաղը երեկոյան կանխատեսում են ջերմաստիճանային նվազում եւ անձրեւ շրջանների մեծ մասում:

Միջազգային կարեւոր թեման ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ պատերազմի հավանականությունն է, որն ավելի շոշափելի է դարձել Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի  ռազմատենչ հայտարարություններից հետո: Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպառնացել է հարվածել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզուն, որտեղ գտնվում է ամերիկյան խոշոր ռազմաբազան: Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատթիսը  հայտարարել է, որ եթե Փհենյանը հրթիռ արձակի ամերիկյան տարածքի ուղղությամբ, իրենք կպարզեն հրթիռի թռիչքի ուղղությունը հաշված րոպեների ընթացքում եւ հետ կմղեն այն, սակայն, դա կարող է պատերազմի հանգեցնել: Մինչեւ այդ Թրամփը սպառնացել էր Փհենյանին՝ հիշեցնելով, որ իրենց միջուկային զինանոցը լիցքավորված է եւ պատրաստ: Այնուամենայնիվ, այսօր Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ վերանայել է իր մտադրությունը եւ առայժմ կսպասի ու կհետեւի «հիմար յանկիների» գործողություններին: Վերլուծաբանները չեն բացառում, որ այս անգամ ռազմատենչ հռետորաբանությունը կվերածվի ռազմական գործողությունների:

Նիդեռլանդներում սկանդալ է հասունացել հայ փախստականների ընտանիքի շուրջ. օրերս երկրի իմիգրացիոն ծառայության աշխատակիցները երկրից արտաքսել են այնտեղ ապօրինաբար բնակվող Արմինա Համբարձումյանին: Այցելության պահին Արմինան տանը մենակ է եղել, պնդել է, որ տեղյակ չէ, թե որտեղ են իր երկու անչափահաս երեխաները: Արդյունքում կնոջը միայնակ նստեցրել են ինքնաթիռ եւ ուղարկել Հայաստան: 11 եւ 12 տարեկան երեխաների ճակատագիրն այս պահին անհայտ է: Հոլանդական Ամերսֆորդ քաղաքում, որտեղ բնակվում էր ընտանիքը, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել հայուհու արտաքսման դեմ. քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորին արագ վերամիավորել ընտանիքը եւ երեխաներին բախտի քմահաճույքին չթողնել: Նիդեռլանդների իշխանությունները բացատրել են, որ հայուհին իրենց երկրում բնակվել է ապօրինաբար, մի քանի անգամ դիմել է ներգաղթյալի կարգավիճակ ստանալու համար եւ մերժում ստացել, իսկ վերջին ութ տարիների ընթացքում նրան պարբերաբար տեղեկացրել են, որ պետք է լքի երկիրը:

Ողբերգական դեպք է տեղի ունեցել  Շիրակի մարզում. ժամկետային զինծառայողին նախօրեին կախված են գտել հորեղբոր տանը: Հացիկ գյուղի բնակիչ 19-ամյա Աբաս Սլոյանն ընդամենը 20 օր առաջ էր մեկնել ծառայության, նա ծառայում էր Արմավիրի զորամասում: Զինծառայողին կախված վիճակում քույրն է հայտնաբերել եւ տեղեկացրել ծնողներին: Պարզվել է, որ նա օգոստոսի 13-ի առավոտյան ինքնակամ լքել է ծառայության վայրը եւ վերադարձել տուն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Արտակարգ դեպք է տեղի ունեցել  Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում. պայթյունի հետեւանքով մեկ մարդ է մահացել՝ գյուղի 59-ամյա բնակիչ Հրաչիկ Ալթունյանը: Ականատեսները պատմել են, որ մահացածը եւ իր երկու համագյուղացիները կասկածելի իր են գտել փողոցում, ընկերներից մեկը իրը հեռու է նետել, սակայն, Ալթունյանը վերցրել է այն, որը  կարճ ժամանակ անց պայթել է նրա ձեռքում: Դեպքի առնչությամբ քննություն է ընթանում:

Երեւանում հնարավոր է երթեւեկության համակարգային փոփոխություն կատարվի. լուսացույցի աջ սեկցիան  բոլոր խաչմերուկներում մշտապես բաց կլինի երթեւեկության համար: Ճանապարհային ոստիկանությունը ենթադրում է, որ սա կարող է օգնել մայրաքաղաքում խուսափել խցանումներից: Առայժմ այս ծրագիրը քննարկման փուլում է, ուսումնասիրվում են հնարավոր ռիսկերը:

Եվրոյի փոխարժեքը նվազել է  միանգամից երկու դրամով. օգոստոսի 15-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 562 դրամ, ռուբլու եւ ֆունտի փոխարժեքները նույնպես նվազել են՝ կազմելով, համապատասխանաբար, 7.98 դրամ եւ 617 դրամ: Աճել է միայն դոլարի փոխարժեքը՝ կազմելով 478 դրամ:

Եղանակային կանխատեսումները վերջապես ուրախացնում են.  օգոստոսի 16-ի երեկոյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ, օդի ջերմաստիճանը 16-ին կնվզի 3-4 աստիճանով, սակայն ամսի 18-ից սկսած նույնքան կբարձրանա: Երեւանում նույնպես անձրեւէ սպասվում. մայրաքաղաքում կդիտվի՝ գիշերը մինչեւ 22, երեկոյան՝ մինչեւ 32 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ