News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԻՆ-ը օրը սկսեց լավ լուրերով: Նախ՝ հայտարարվեց, որ Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ինչ վերաբերում է Խոսրովի արգելոցին, ապա այսօր վաղ առավոտից ռուսական ԻԼ-76 ինքնաթիռն անցել է գործի:

Ինչպես ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը հայտնեց armtimes.com-ին, առավոտյան՝ ժամը 7-ին, նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական կողմի հետ ուղղաթիռով օջախների հետազոտություն է անցկացրել, որոշվել է թե, որ օջախների վրա պետք է ջրալցում արվի, եւ ԻԼ-76 ինքնաթիռը առաջին թռիչքն է կատարել:

Պարզվեց, որ ըստ նախնական ծրագրի, ինքնաթիռը երկու թռիչք կկատարի, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ այրվող տեղանքի վրա 40 տոննա ջուր կարող է լցնել: ԱԻՆ-ում չեն շտապում գնահատել, արդյոք այդ երկու թռիչքը բավարար է հրդեհը մեկուսացնելու համար, սակայն հայտարարում են, որ անհրաժեշտության դեպքում երրորդ թռիչքը նույնպես չի բացառվում: 

«Այս պարագայում կանխատեսում անելը մի փոքր դժվար է: Երկու թռիչքը կանեն, արդյունքներից կհասկանանք էլի թռիչք կլինի, թե՝ լոկալ, տեղային աշխատանքներով պետք է մարել կրակը: Ջրալցումից հետո, ամենայն հավանականությամբ, մի հատ էլ հետախուզական թռիչք կանեն, որպեսզի հասկանան, թե օջախներն ինչ վիճակում են»-Armtimes-ի հետ զրույցում ասում է Գնդոյանը (երրորդ թռիչքն արդեն կատարվել է):

Մինչ այդ Սերժ Սարգսյանը մեծ խորհրդակցություն է անցկացնում նախարարությունների եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, քննարկելու իրավիճակը:

Ի դեպ, երեկ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանից ԻԼ-76 ինքնաթիռը խնդրելու գաղափարի հեղինակը Սերժ Սարգսյանն է եղել: Մասնավորապես, երեկ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Սարգսյանին զեկուցում էր իրավիճակը, ինչպես նշված է նախագահական կայքում՝  «հրդեհաշիջման աշխատանքներում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով ԱԻՆ-ից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ»:

Ստացվում է, որ Հայաստանը կողմը դեռ օրեր առաջ է դիմել Ռուսաստանին այդ խնդրանքով, սակայն ինքնաթիռը տեղ հասավ միայն երեկ երեկոյան:

Եթե սույն ինքնաթիռի թռիչքների արդյունքում Խոսրովի արգելոցում բռնկված եւ Հայաստանի բնաշխարհին մեծ վնաս հասցրած հրդեհը մեկուսացվի, կմնա միայն ափսոսալ, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը ԱԻՆ-ի խնդրանքին ավելի օպերատիվ չի արձագանքել եւ հրդեհը բռնկվելու հաջորդ օրն իսկ ինքնաթիռը չի տրամադրել: Այդ դեպքում, իհարկե, վնասի ծավալներն էականորեն փոքր կլինեին:

Իսկ եթե օգնության հասած ինքնաթիռն էլ չկարողանա մարել կրակը, ապա մնում է հուսալ, որ այսօր եւ վաղը կանխատեսվող անձրեւը հորդառատ կլինի եւ առավել ինտենսիվորեն կտեղա հատկապես Խոսրովի արգելոցի այրվող հատվածների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ