News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի «Բազեն» հոբելյանական է, երիտասարդական հավաքն անցկացվելու է 15-րդ անգամ, եւ կազմակերպիչներն այս առիթով որոշել են միջոցառման համար կրեատիվ սցենար գրել։ Այն մեկնարկելու է օգոստոսի 21-ին եւ ավարտվելու է 27-ին։ Գեղարվեստական ղեկավարը Գրիգոր Դանիելյանն է՝ «Ֆուլ հաուսի» Գոքորը, որն իր կնոջ հետ ծանոթացել է «Բազեում»։

Օրինակ՝ պլանավորում են նախկին բազեականների՝ հայտնի եւ անհայտ, լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, ինչպես նաեւ նկարահանել Հայաստանի պատմամշակութային կոթողներն ու վայրերը՝ նպատակ ունենալով զարկ տալ տուրիզմի զարգացմանը։

«Բազեի» առաջին օրվա հյուրը լինելու է, այսինքն՝ բացումն անելու է վարչապետ Կարեն Կարապետյանը, հաջորդ օրերին նախատեսվում է նաեւ պաշտպանության, սփյուռքի նախարարների մասնակցությունը, կլինեն նաեւ բարձրաստիճան այլ հյուրեր, իսկ փակման միջոցառմանը՝ գալա համերգին, ներկա կլինի Սերժ Սարգսյանը։

Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղի ունեցող «Բազեն» «ճտեր էլ է հանել»՝ Պոլիտեխնիկն արդեն 2 տարի նմանատիպ միջոցառում է կազմակերպում։ Այս տարի այն կրում է «Միասնության ուժ» անվանումը։ Բայց այն կարծես ամբողջությամբ «Բազեի» պլագիատն է՝ նույն գույների ու ոճի մեջ, նախարարների այցերով ու մրցումներով։

Մեկնարկը տրվել է օգոստոսի 2-ին՝ Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում, մասնակցում է ՀՀ եւ ԼՂՀ բուհերի 210 ուսանող։ Ճամբարականներին արդեն հյուրընկալվել են Պոլիտեխնիկի ՀՅԴ-ական ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, պաշտպանության, սպորտի նախարարները, «Բազեի» «հայրիկ» Կարեն Ավագյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ