News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին իր հոդվածում նշել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա հոդվածը.

«Ամերիկահայերը գիտեին, որ իրենք մեծ հաղթանակ են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, երբ  Տեխասը դարձավ ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը: Սակայն նրանք չէին գիտակցում, որ Տեխասի ճանաչումը կործանարար ազդեցություն է ունեցել այդ նահանգում թուրքական համայնքի լոբբիստական ջանքերի վրա:

Turkishnews.com-ում հրապարակված մի հոդվածում դոկտոր Ֆերուհ Դեմիրմենը բացահայտեց հուսահատության այն աստիճանը, որ ինքն ու իր թուրք ընկերները ունեցել են Տեխասում, երբ նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2017 թ. մայիսի 19-ին: Շատ հաճախ չենք հանդիպում թուրք լոբբիստի, որն ընդունում է հայ համայնքի կողմից իրենց ջախջախիչ պարտությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման համար Դեմիրմենը սկզբում մեղադրում է իր թուրք ընկերներին՝ «թուրքական անտարբերության եւ պասիվության տարիների համար, համադրված հայկական ագրեսիվությամբ ու արեւմտյան նախապաշարմունքներով»: Նա նաեւ ընդունում է Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ակտիվությունը՝ «քաղաքային խորհրդարանի հանդիպումներում հայ ակտիվիստների մասնակցությամբ շրջայցեր կազմակերպելու, նահանգի ընտրված պաշտոնատար անձանց հերթով» այցելելու եւ «Դալասում, Օսթինում եւ Հյուսթոնում» Հայ Դատի հանձնախմբի մասնաճյուղեր ստեղծելու համար:

Թուրք գործիչը ցեղասպանության բանաձեւի հաջողության գործում ընդունում է նաեւ «Նահանգի ներկայացուցիչ Սքոթ Սանֆորդի աջակցությունը, որը միաժամանակ Տեխասի բապտիստական եկեղեցու հոգեւոր հովիվն է:» Իր հոդվածի համար մեծ ծավալի հետազոտություն անելով՝ Դեմիրմենը հիշեցնում է, որ «2016 թ. ապրիլին Դալասի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հանդեսին, ներկայացուցիչ Սանֆորդը արժանացել է «Արդարության պաշտպան» մրցանակի՝ «Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացման գործում իր ունեցած մեծ նվիրումի համար»: Հանդեսի ժամանակ ընթերցվել է հանրապետական սենատոր Թեդ Կրուզի նամակը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, գրում է Դեմիրմենը:

2017 թ. հունվարի 26-ին Սանֆորդը ներկայացրել է Տեխասի Ներկայացուցիչների պալատի HR-191 բանաձեւը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու  մասին: Բանաձեւը առաջին անգամ ներկայացվել է Առեւտրի եւ միջպետական հարցերի հանձնաժողովին (TIAC), որը կոչ է արել ապրիլի 24-ին հանրային քննարկումներ անցկացնել Օսթինում գտնվող նահանգի Կապիտոլում: Դեմիրմենը ափսոսանք է հայտնում, որ Տեխասի օրենսդիրը «հրապարակային լսումների համար ընտրեց ապրիլի 24-ը, որը խորհրդանշական օր է հայկական անհիմն պնդումների համար, [ինչն] առաջին նշանն էր, որ TIAC-ը հայամետ է իր հայացքներով»:

Դեմիրմենը դժգոհ է, որ «լսումները լավ համակարգված էին Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի եւ ներկայացուցիչ Սանֆորդի կողմից, եւ ի տարբերություն հայկական կողմի, որը վաղուց գիտեր լսումների մասին, թուրքական կողմը հանդիպման մասին տեղեկացել է ընդամենը մի քանի օր առաջ»: Դրա հետեւանքով, լսումներին մասնակցել է միայն վեց թուրք (հինգը Հյուսթոնից եւ մեկը Դալասից), մինչդեռ «հայկական կողմից ներկա էր մի մեծ բազմություն: Որպես «դիտորդ» [TIAC-ում] ներկա էր նաեւ Սանֆորդը: Դեմիրմենը ափսոսանք է հայտնում, որ միայն չորս թուրք, ներառյալ ինքը, վկայություն է տվել հանձնաժողովում, մինչդեռ 21 հայ է վկայություն տվել: «Հայկական կողմը հինգ անգամ ավելի շատ հնարավորություն ուներ իր տեսակետը ներկայացնելու, քան թուրքական կողմը: Այսպիսով, հայկական կողմը լսումների ժամանակ գերակշռեց ոչ միայն «ներկայության» առումով, այլ նաեւ տված վկայություններով», խոստովանել է Դեմիրմենը: «Հայկական կողմից վկայություն տվողների թվում էին Տեխասի Հոլոքոստի եւ ցեղասպանության հանձնաժողովի եւ Հյուսթոնի Հոլոքոստի թանգարանի ներկայացուցիչները», տեղեկացնում է Դեմիրմենը: Բացի դրանից, «հարյուրավոր նամակներ էին ուղարկվել նահանգի օրենսդիրներին: Ավելի շատ հեռախոսազանգեր էին եղել հայկական համայնքի կողմից»:

Բանաձեւի դեմ վկայություն տված թուրքերի առարկություններն էին. 1) «Տեխասի օրենսդիրների անպատշաճ միջամտությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, 2) վնասը, որ բանաձեւը կարող է հասցնել Տեխասի եւ Թուրքիայի միջեւ առեւտրային հարաբերություններին, 3) բանաձեւի պառակտող դերը, եւ ոչ միայն, 4) փաստը, որ բանաձեւը վիրավորական է համարվում Տեխասի թուրք բնակչության կողմից», բողոքել է Դեմիրմենը:

Այս առարկություններից եւ ոչ մեկը ազդեցություն չի ունեցել TIAC-ի անդամների վրա, որոնք ապրիլի 24-ին բանաձեւն ընդունեցին միաձայն: Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձեւը ընդունեց մայիսի 19-ին՝ հաստատելով այն կողմ քվեարկած 137 ձայնով (ութ անդամ բացակայել է, հինգը ձեռնպահ է մնացել):

Խիստ հուսահատված, Դեմիրմենը այս արդյունքը ներկայացնում է որպես «Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի կողմից գլխավորած իրագործում, աջակցությամբ Տեխասի նահանգի Ներկայացուցիչների պալատի: Թեեւ բանաձեւը իրավական ուժ չունի, սակայն բոլոր գործնական նպատակների եւ լայն հասարակության համար այն հռչակագիր էր, որը օսմանյան թուրքերին մեղավոր է ճանաչում սոսկալի ոճրագործության համար»:

Դեմիրմենը խոստովանում է, որ «թուրքական արձագանքը HR-191-ին, առնվազն ստորին մակարդակում, թույլ էր... Թուրքերը չեն կարող մրցել հայերի հետ իրենց ակտիվությամբ «ցեղասպանության» հարցի շուրջ... Թուրքական կողմը միայն իրեն պետք է մեղադրի իր թուլության եւ անգործության համար»:

Թուրք գործիչն իր հոդվածն ավարտում է մեղադրելով ATA-Հյուսթոնին (Ամերիկայի թուրքական ասոցիացիա), որը ջանքեր չգործադրեց HR-191 բանաձեւին դիմակայելու համար: Նա խումբն անվանում է «միասին ուրախ ժամեր անցկացնելու համար 1979 թվականին հիմնադրված ասոցիացիա, որը հետաքրքրված չէ հայկական հարցով...»:

Չնայած Դեմիրմենը մեղադրում է Տեխասի թուրքերին իրենց անգործության համար, սակայն իրականում միայն մեկ պատճառ կա, որ բանաձեւը ընդունվեց. որովհետեւ այն ճշմարտությունն է ասում... Տեխասի նահանգը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ