Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վերա Գլագոլեւան մահացել է 62 տարեկանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դերասանուհու ընկերուհին՝ դերասանուհի Լարիսա Գուզեեւան:

«Այո՛, նա մահացել է»,- ասել է Գուզեեւան:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահվան պատճառ կարող էր լինել օնկոլոգիական հիվանդությունը, հայտնում է «МК»-ն: 

Վերա Գլագոլեւան դերասանուհի էր, ռեժիսոր, ռուս հայտնի հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի զոքանչը:

Գլագոլեւան ծնվել է 1956 թվականին Մոսկվայում, իսկ առաջին անգամ կինոյում նկարահանվել է դպրոցն ավարտելուց հետո՝ ռեժիսոր Ռոդիոն Նահապետովի «Աշխարհի վերջը» ֆիլմում: Ֆիլմը մրցանակ է ստացել Լյուբլյանի կինոփառատոնում:

Գլագոլեւան շուտով ամուսնացել է Նահապետովի հետ եւ նկարահանվել ամուսնու եւս մի քանի կինոնկարներում՝ «Թշնամիներ», «Մի կրակեք սպիտակ կարապների վրա», «Քո մասին», «Հետքերով գնացողը», «Հովանոց նորապսակների համար»:

Գլագոլեւայի վերջին կինոնկարը Իվան Տուրգենեւի պիեսի հիման վրա 2014 թվականին նկարահանված «Երկու կանայք» ֆիլմն էր:

2011 թվականին Գլագոլեւային շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհու կոչում: