News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ մայրաքաղաքի փողոցներն անվանափոխելու վերաբերյալ, բուռն քննարկման առիթ է դարձել սոցցանցերում: «Ելքն» առաջարկում է անվանափոխել այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկների անունները: Թե կոնկրետ որ փողոցներն ինչ պետք է վերանվանվեն, պարզ կլինի հաջորդ շաբաթ, երբ խմբակցությունը նիստ կհրավիրի:

«Այս պահին խոսքը վերաբերում է Կասյան, Միկոյան եւ Լենինգրադյան փողոցներին: Առաջին երկուսի դեպքում ասել ենք, որ նման գործիչների անուններով փողոցներ ունենալը մի քանի խնդիրներ է առաջացնում՝ սկսած արժեհամակարգայինից վերջացրած նրանով, որ մարդկության եւ մասնավորապես մեր պետականության դեմ նման հանցանքներ գործած անձանց անուններով փողոցներ չպետք է լինեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը մինչդեռ կարծում է՝ մայրաքաղաքը հրատապ լուծման ենթակա ավելի կարեւոր հարցեր ունի, քան Կասյան փողոցի վերանվանումն է:

«Սոցիալական պայմանները բարելավելու, արտագաղթը կանխելու լավագույն ձեւը Երեւանի բոլոր փողոցների անվանումները փոխելն է... ծաղրում եմ, բա ի՞նչ անեմ: Էսքան խնդիրների մեջ փողոց փոխե՞լն է դարձել պատմություն, ուրի՞շ խնդիրներ չունենք, փողոցների անուննե՞րն են մեզ խանգարում»,- բորբոքված նշեց Ամատունի Վիրաբյանը:

Դիտարկմանը, թե Կասյանին «Ելք»-ի անդամներն ազգի դավաճան են համարում, արխիվի տնօրենն արձագանքեց. «Իրե՞նք են որոշելու, թե ով է դավաճան, ով՝ ոչ: Դատարանն է որոշում՝ դավաճան է: Դատարանի վճի՞ռ ունեն»:

Ամատունի Վիրաբյանի հայտարարությունների վերաբերյալ Արայիկ Հարությունյանը նշեց հետեւյալը. «Ամատունի Վիրաբյանը 1900-ականներին  եղել է փողոցների վերանվանման մի հանձնաժողովում, որը Կասյան փողոցը վերանվանել է Սիամանթոյի փողոց, տարիներ անց Վիրաբյանը եղել է նույն այդ հանձնաժողովի կազմում, երբ անհայտ կերպով Սիամանթոյի փողոցը վերանվանվել է Կասյան փողոց, այսինքն այդ մարդու ներկայությամբ այդ փողոցն անվանվել, վերանվանել են եւ նրա կողմից այդ ժամանակ լուրջ դիմադրություն չի եղել»:

Ի տարբերություն Ամատունի Վիրաբյանի՝ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում չպետք է լինեն դավաճանների անուններով փողոցներ:

«Անվանակոչությունը պատահական երեւույթ չէ, դրանով մենք սերունդ ենք դաստիարակում: Ունենալով Կասյանի անունով փողոց՝ մենք ասում ենք մեր այսօրվա սերունդին՝ դուք կարող եք գնալ Բաքու, դավաճանել սեփական հայրենիքը, հակապետական գործունեություն ծավալել Բաքվում, ադրբեջանական բանակով մտնել Հայաստան, տապալել օրինական իշխանությունը, հռչակել իշխանություն եւ դառնալ ազգային հերոս, մենք նմա՞ն օրինակ ենք ուզում տալ, իհարկե, ոչ: Հետեւաբար, Կասյանն այն մարդը չէ, որի անվամբ պետք է փողոց կոչվի»,- ասաց Արա Պապյանը:

Քաղաքապետը նշեց, որ ներկայումս քննարկվող փողոցները նախկինում լրիվ այլ անվանում են ունեցել եւ միայն 1998թ.-ից հետո են անվանափոխվել: Արա Պապյանի կարծիքով, հենց 1998թ.-ից սկսած Հայաստանի իշխանությունները նահանջ ունեցան անկախության գաղափարախոսություն եւ սկսվեց «վերադարձ դեպի բոլշեւիզմի շրջան»: Փողոցների անվանափոխությունը, ըստ նրա, պետք չէ վերագրել որպես հակառուսական շարժում:

«Պարզապես կան մարդիկ, որոնք հստակ պատկերացում չունեն, թե ով ով է, երկրորդ, չեն ուզում հակադրվել այսօրվա հիմնական մայրուղային զարգացմանը՝ ստալինիզմի եւ բոլշեւիզմի գովքը, որը մենք ակնհայտորեն տեսնում ենք Ռուսաստանում»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե հանրության մեջ տեսակետ կա, թե այս կերպ «Ելք»-ը կեղծ օրակարգ է մտցնում՝ շեղվելով մայրաքաղաքի իրական խնդիրներից, Արա Պապյանը պատասխանեց. «Ինձ համար Երեւանի ամենաիրական խնդիրը հենց սա է, չի կարելի դավաճանների անուններով կոչել փողոցներ: Ավագանին անում է այն, ինչ կարողանում է անել: Մյուս խնդիրների՝ վերելակների, մանկապարտեզների, փողոցների համար ի վերջո կա իշխանություն: Մենք մոռանում ենք, որ Երեւանն ունի քաղաքապետ, որն աշխատավարձ է ստանում ինչ-որ բաներ անելու համար, հետեւաբար, թող բարի լինի, անի, կա Հանրապետական խմբակցություն, թող անեն, սա ընդդիմության խնդիրը չէ: Ընդդիմությունը կարող է խնդիրներ բարձրացնել իր հայեցողությամբ կամ չբարձրացնի: Իշխանությունը սպասո՞ւմ է, որ ընդդիմությունը հարց բարձրացնի, որ լուծի»:

Տպել
Ամենաշատ