News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Երբ մեր համաքաղաքացիները ցանկանում են Հայաստանից փախչել, որովհետեւ այստեղ աշխատանք չունեն, կամ ունեն, բայց ուզում են ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով կյանքով, դա հասկանալի է: Բայց երբ նրանք ասում են, որ ուզում են գնան Հայաստանից, որովհետեւ ազատությանն են կարոտ, դա ինձ համար փոքր-ինչ տարակուսելի է: Նույնիսկ՝ Միացյալ նահանգների դեպքում:

Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում: Նա պատրաստվում է ելույթ ունենալ ամերիկյան հեռուստատեսությամբ եւ հայհոյել Թրամփի՞ն: Այո, համանման ազատություն Հայաստանում չկա՝ այստեղ այդ հնարավորությունն են տալիս միայն ֆեյսբուքն ու որոշ կայքեր: Եթե նրա նպատակը երբեւէ CNN-ի եթերում հայտնվելն է եւ  սրտի ուզածն ասելը՝ խնդիր չկա, արժե գնալ: Գուցե նա պատրաստվում է քվեարկել տարբեր տեսակի ընտրություններում՝ իմանալով, որ դրանք արդա՞ր են լինելու»: Այո, դա կարեւոր ազատություն է, բայց ենթադրում եմ, որ ԱՄՆ հասնելու հաջորդ իսկ օրը նրան քվեարկելու հնարավորություն չի տրվի:

Նա ուզում է բիզնես դնել՝ վստահ լինելով, որ օլիգարխիային ծառայող ու ոտից գլուխ կոռումպացված հարկայինն ու մաքսայինը նրան չե՞ն սնանկացնի, ինչպես որ դա արվում է Հայաստանում: Բայց բիզնեսում ունենալով այդ իսկապես  նշանակալից ազատությունը, ենթադրում եմ, որ հայաստանցին ԱՄՆ-ում կառնչվի բազմաթիվ այլ խնդիրների: Ուրիշ հարց, եթե նա կաշխատի արդեն իսկ «գործ դրած» իր բարեկամի կրպակում: Բայց միթե ամերիկյան «բուդկայում» աշխատելն ավելի մեծ ազատություն է ապահովում, քան հայաստանյան «բուդկայում»: 

Բայց ԱՄՆ-ի դեպքում, գոնե տեսական մակարդակով, ազատություն փնտրելու ձգտումը հասկանալի է այն պատճառով, որ Միացյալ Նահանգներն ավելի ազատ, ավելի ժողովրդավար եւ ավելի օրինապաշտ երկիր է, քան Հայաստանը: Բայց երբ մարդիկ հայտարարում եմ, որ հանուն այդ «ոչ նյութական» բարիքների ուզում են գնալ Ռուսաստան, դա արդեն դժվար ընկալելի է: Խոսքի, ցույցերի, քաղաքական գործունեության ազատությունն այդ երկրում ավելի շատ է սահմանափակված, քան մեզ մոտ: Կոռուպցիան ավելի շատ է զարգացած, քան Հայաստանում: Էլ ընտրությունների մասին չեմ ասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ