News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորում մեկնարկել է «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որը նախաձեռնել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՆ-ի, Մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ, գործատուներ, ոլորտի փորձագետներ, ՀՀ գյուղատնտեսական քոլեջների տնօրեններ եւ աշխատակիցներ։ Աշխատաժողովի նպատակն է՝ ներկայացնել «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի իրականացման ընթացքը եւ ձեռք բերված արդյունքները, ինչպես նաեւ քննարկել միջին մասնագիտական կրթության «Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա» եւ «Անասնաբուժություն» մասնագիտությունների համար բարեփոխված կրթական չափորոշիչները եւ մոդուլային ծրագրերը:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել եւ իր զեկույցում ՄԿՈւ ոլորտի հիմնախնդիրներին եւ արդի զարգացումներին է անդրադարձել ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումը համարվում է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը, որով եւ պայմանավորված՝ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի հիմնական շեշտադրումն ուղղված է գյուղատնտեսական կրթությանը։  «Ծրագրի շրջանակում կմշակվի 76 կրթական չափորոշիչ (որից 32-ն արդեն իսկ մշակված են)՝ բոլոր գյուղաատնտեսական մասնագիտությունների գծով, կիրականացվեն վերապատրաստումներ, կտրամադրվեն սարքավորումներ եւ այլն։ Գյուղատնտեսական կրթությանն է ուղղված նաեւ «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը, որի շրջանակում քոլեջների եւ գործատուների ներկայացուցիչներ վերապատրաստվել են Շվեյցարիայում, ծանոթացել այդ երկրի փորձին եւ այն ՀՀ ուսհաստատություններում տեղայնացնելու հնարավորությանը, ինչպես նաեւ վերանայվել կրթական երկու չափորոշիչներ»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ որպես ՄԿՈՒ ոլորտի զարգացման ուղղություններ կարեւորելով միջազգայնացման, ուսումնական ծրագրերի վերանայման, մասնագիտական հմտությունների եւ կարողությունների զարգացման, սոցիալական գործընկերության ընդլայնման, ՄԿՈՒ արդյունավետ ֆինանսավորման համակարգի մշակման եւ մի շարք այլ հարցեր։ Նա ներկայացրել է նաեւ նախնական եւ միջին մասնագիտական կրթության 2017-2021թթ. զարգացման հայեցակարգի նախագիծը։

Աշխատաժողովի ընթացքում «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի փորձագետ Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրել է Որակավորումների ազգային շրջանակի եւ արդյունքահեն  կրթության կազմակերպման հարցերը։ Վերոնշյալ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն իր զեկույցում անդրադարձել է ծրագրի հիմնական դրույթներին՝ ընդգծելով, որ այն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի եւ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային եւ պարենային գիտությունների դպրոցի (HAFL) կողմից` Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ խորհրդատվական ծառայությունների զարգացմանը եւ հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը անասնաբուժության, կաթի վերամշակման եւ ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում:

Այնուհետեւ ներկայացվել են «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում անասնաբուժության եւ կաթի վերամշակման ոլորտներում մասնագիտական կրթության բարեփոխումները, որի շուրջ աշխատանքները շարունակվել են խմբային քննարկումներում։ Աշխատաժողովն այսօր կամփոփի խմբային աշխատանքները, որոնց ընթացքում հնչած առաջարկությունները եւ դիտողությունները հիմք կհանդիսանան մոդուլային ծրագրերի մշակման եւ վերանայման համար։

Տպել
Ամենաշատ