News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի որոշմամբ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ, մասնագիտությամբ գյուղատնտես  դաշնակցական Մեսրոպ Բզնունին: Թե ինչ կապ կարող է ունենալ  գյուղատնտեսն առողջապահության ոլորտի հետ եւ ինչու է նման որոշում կայացվել, NEWS.am-ը փորձեց ճշտել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանից: Արդյոք Մեսրոպ Բզունին այդ պաշտոնում նշանակվել է դաշնակցականների միջամտության արդյունքում, մարզպետը պատասխանեց՝ կադրային որոշումները կայացնում է մարզպետը եւ այս իմաստով ավելորդ է խոսել դաշնակցականների միջամտության մասին:

«Խոսակցություններն անհասկանալի են, որովհետեւ կադրային որոշումները կայացնում է մարզպետը, քանի որ իր աշխատակազմի ձախողման համար պատասխանատու է մարզպետը։ Մասնագիտական պատասխանատվության մասին ասեմ, որ մեր վարչությունը միայն առողջապահություն չէ, այստեղ ունենք առողջապահություն եւ սոցիալական խնդիրներ, բայց սա ավելի շատ կառավարչական մարմին է, որի նպատակն է ճիշտ կառավարել մարզպետարանի ենթակայության առողջապահական հաստատությունները։ Մենք բժիշկներ չենք, սա բժշկական վարչություն չէ, որ իր վրա վերցնում է լիազոր մարմնի պարտականությունները, զուտ բժշկական առումով կա առողջապահության նախարարություն։ Նրանք են լիազոր մարմինը, մենք կառավարչական հաստատություն ենք, եւ մեր նպատակն է ապահովել, որպեսզի մեր հիմնարկ-ձեռնարկությունները գործեն արդյունավետ, եւ որ մեր քաղաքացիները գոհ լինեն առողջապահական հաստատությունների կողմից տրամադրված ծառայություններից»,-ասաց նա:

Մարզպետի խոսքով, Մեսրոպ Բզնունին լինելով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, ավելի լավ, քան որեւէ մեկը տեղյակ է առողջապահական հաստատությունների եւ սոցիալական հաստատությունների կառավարման խնդիրներից, թերություններից, ուժեղ եւ թույլ կողմերից:

Տպել
Ամենաշատ