News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետք է արմատապես փոփոխություն կրեն հայկական զինված ուժերի սպաների կոմունալ-կենցաղային խնդիրների լուծումը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է փաստաբան, «Նորիկյան եւ գործընկերներ» գրասենյակի տնօրեն Նորայր Նորիկյանը, որը վարչական դատարանում պաշտպանելու է 17 սպաների իրավունքները։

Նշենք, որ այս տարվա հունիսի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերից արձակման նպատակով յուրաքանչյուր սպա պարտավոր է վճարել յուրաքանչյուր չծառայած տարվա համար 1 միլիոն ՀՀ դրամ, մինչդեռ նախկինում վճարում էր 250 հազար դրամ։ Նոր դրույթը սահմանվել է Ազգային Ժողովի կողմից 2016թ. դեկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում, որը վավերացվել էր Հանրապետության նախագահի կողմից։

Նախարարի հրամանը տարածվում է ուսումնական հաստատությունից հետո սպաների ամեն լրիվ չծառայած տարիների վրա։

Փաստաբանի կարծիքով, խախտվել է սպաների սահմանադրական իրավունքները, ՊՆ-ն հարկադրում է վերակնքել պայմանագրերը՝ նոր կանոններով, մինչդեռ ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Նորիկյանը մեզ հայտնեց, որ գրությամբ դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ «Կատարված փոփոխություններով, մասնավորապես՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-222-Ն օրենքով կատարված փոփոխությամբ, այդ փոփոխության հիման վրա ՀՀ կառավարության կողմից ընդունված վերը նշված որոշմամբ, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վատթարանում է ՀՀ զինված ուժերի սպաների իրավական վիճակը, ինչպես նաեւ սահմանափակվում նրանց իրավունքներն ու ազատությունները, նոր պատասխանատվություն է սահմանվում ու խստացվում, հետեւաբար՝ ՀՀ զինված ուժերի գործող որեւէ սպայի, ով ցանկություն է հայտնել զորացրվել եւ հաշվառվել պահեստազորում, չի կարող ներկայացվել հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց՝ 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով տուժանքի վճարման պահանջ»: Փաստաբանը նաեւ խնդրել է օրենքի սահմանադրականության հարցը վիճարկել ՀՀ ՍԴ-ում։

«Իմ կարծիքով, իրականացվող գործընթացով ոչ իրավաչափ պահանջ է ներկայացվել գործող սպաներին, որի գործադրմամբ նպատակ է հետապնդվում հասնելու նրան, որ զորացրման ցանկություն ունեցող սպաները հրաժարվեն այդ մտքից՝ իրենց կամքին հակառակ մնալով զինվորական ծառայության մեջ։ Իմ խորին համոզմամբ, այն սպան, որը ցանկություն չունի մնալ զինվորական ծառայության մեջ, սխալ է արհեստական խոչընդոտներ ստեղծելով պահել նրան Զինված ուժերում։ Ճիշտ հակառակը, պետք է արմատապես փոփոխություն կրեն սպաների կոմունալ-կենցաղային խնդիրների լուծումը: Սպային պետք է վճարել արժանապատիվ աշխատավարձ, որ նրա մտքով անգամ չանցնի դուրս գալ ծառայությունից»,- նշեց Նորիկյանը։

Նրա խոսքով, պետք է լուծել նրանց բնակարանային եւ մնացած բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները, որպեսզի սպան զորամաս մտնելուց հետո կենտրոնանա բացառապես իր ծառայողական պարտականությունների կատարման վրա։ «Սա միայն բանակի խնդիրը չէ, Սա ազգային անվտանգության խնդիր է, եւ պետությունը պարտավոր է արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում: Պայմաններ ստեղծել, որ Հայոց բանակի սպան ցանկանա սիրով ու պատվով իրականացնել իր ծառայությունը։ Ես պնդում եմ, որ զոռով բանակում մնացած սպան պատուհաս է դառնալու բանակի համար: Նրա ամբողջ օրը անցնելու է նյարդային վիճակում, եւ նա խնդիրներ է ստեղծելու եւ՛ իր, եւ՛ զինծառայողների համար»,- ասել է փաստաբանը: 

Տպել
Ամենաշատ