News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թող ոչ մեկին չթվա, թե Փաստաբանների պալատը սրբազան կով է, որի մասին միայն դրական բաներ պետք է ասել: NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Երվանդ Վարոսյանը, որն անդրադարձել է սեպտեմբերի 9-ին կայանալիք ՓՊ նախագահի ընտրություններին, Արա Զոհրաբյանի ղեկավարման 4 տարիներին:

Պարոն Վարոսյան, Փաստաբանների պալատի նախագահի միակ թեկնածուն Արա Զոհրաբյանն է: Ինչի՞ մասին է սա վկայում:

Սպասելի էր այս իրավիճակը, վկայում է այն մասին, որ իրոք Պալատում առկա է իշխանության ուզուրպացիա, որի մասին մենք երկար ժամանակ է խոսում ենք: Ինքս նման իրավիճակի սպասում էի, համոզված էի, որ այլընտրանքային ձեւական թեկնածու էլ չի լինելու, որովհետեւ իրավիճակը բավականին սուր է, հուզող հարցերը հանրության առջեւ սփռված են եւ այլընտրանքային թեկնածուի առաջադրումը չէր ստացվի, որովհետեւ անձը պարզապես ծաղրածուի դերում կհայտնվեր: Շատ լավ է, որ եղավ այն, ինչ եղավ, եւ Զոհրաբյանը միայնակ է մասնակցում այս թեժ ընտրապայքարին:

Արա Զոհրաբյանն առաջադրվելու մասին հայտարարության մեջ նշել է, որ «հաշվի առնելով նախորդ 4 տարիների անցած ուղին, ձեռքբերումները»: Ձեր գնահատմամբ, ի՞նչ ձեռքբերումների մասին է խոսքը:

Ձեռքբերում բառը դժվար է օգտագործել այս առումով, կարծում եմ՝ 4 տարիների ընթացքում Արա Զոհրաբյանը գրեթե բնաջնջեց Փաստաբանների պալատը՝ որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ: Սարքեց չինովնիկական կառույցի եւ ճամփորդական գրասենյակի խառնուրդ, որի արդյունքում տուժում է փաստաբանությունը: Պալատի հետ ինչ կկատարվի, ինչ՝ ոչ, շատ փաստաբաններիս այդքան չի հուզում, եթե դա չանդրադառնա ընդհանուր փաստաբանությանը: Պալատ է, հավաքվում են, աշխատավարձ են ստանում, ծառայողական ավտոմեքենա են վարում, ուրախանում են, իրենց խնդիրն է: Ցավոք սրտի, հաշվի առնելով այսօրվա կարգավորումն օրենքի, որ Փաստաբանների պալատը միակ հնարավոր միավորումն է, որին փաստաբանները կարող են անդամագրվել, Պալատի գործունեությունը չի կարող չազդել ընդհանուր փաստաբանության վրա:

Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, Արա Զոհրաբյանի նախընտրական ծրագրի առաջին կետն էր՝ թուլացնել Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը: Այն ժամանակ հանրային պաշտպաններն ունենում էին 10-12 գործ, իսկ այսօր մենք ունենք 40 գործ ունեցող հանրային պաշտպան եւ ունենք Արա Զոհրաբյան, որը դա թմբակահարում է որպես մեծագույն հաջողություն: Մինչդեռ մենք գործ ունենք պարզ աճպարարության հետ, երբ մարդը փորձում է իր խոստումը չկատարելը ներկայացնել նվաճում: Իրականում, սա լուրջ խնդիր է, որը վերաբերում է եւ պետությանը, եւ փաստաբաններիս, եւ հանրությանը: Երբ փաստաբաններն ունենում են այդքան գործ, տուժում է փաստաբանը, շահառուն, փաստաբանության դաշտը, որովհետեւ զրկվում է այն գործերից, որոնք պետք է վարեին: Կներեք, Հայաստանում անվճարունակներն այդքան շատ չեն: Մենք ունենք տեղեկություններ, որ վճարունակ անձինք են օգտվում Հանրային պաշտպանի ծառայությունից: Մենք դրան կանդրադառնանք առաջիկայում: Սա լուրջ խնդիր է նաեւ պետության համար, որը պարտավորվել է ապահովել անվճար իրավաբանական օգնություն, բայց աչք է փակում այս ամենի վրա:

Հենց Արա Զոհրաբյանի ղեկավարման տարիներին սկսեցին խուզարկել փաստաբաններին, տեղի ունեցավ հարձակում փաստաբանական գրասենյակի վրա:

Արա Զոհրաբյանի ղեկավարման տարիներին շատ վատ բաներ տեղի ունեցան: Ամենակարեւորը, կարծիքը, որը չի համապատասխանում Արա Զոհրաբյանի կարծիքին, քարկոծվում է, նշանակում է՝ դու պառակտիչ ես, ենթադրյալ միասնություն ես... հասկանալ՝ ինչ է ասում ընդդիմախոսն ու ինչու է դա ասում, այդպիսի հասկացություն գոյություն չունի. եթե մեկը քեզ ընդդիմանում է, պետք է փորձես լռեցնել՝ հոդված պատվիրելով, կարգապահական վարույթներ սարքելով, ուղարկելով քո աշխատակիցներին նրա գրասենյակ: Այս ամեն ինչը հանգեցրեց նրան, որ փաստաբանությունը չի դիտարկվում հասարակության մեջ այնպես, ինչպես որ պիտի լիներ, բայց դրա մեղավորները փաստաբանները չեն:

Վերջին շրջանում բավականին շատ կարգապահական վարույթներ հարուցվեցին, ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը:

Կարգապահական վարույթների հարուցումը լծակներից մեկն է, որը բանեցնում է Պալատի ղեկավարությունը փաստաբաններին հնազանդեցնելու համար: Հաշվի առնելով, որ Պալատում հակակշիռների մեխանիզմ եւ անկախ գործող խորհուրդ չկա, խայտառակ դրսեւորումներ է ունենում նման կարգապահական վարույթների հարուցումն ու ընթացքը: Մասնավորապես, վերջին խայտառակ դեպքը Տիգրան Աթանեսյանի կարգապահական վարույթի հարուցումն էր, երբ նրան տուգանեցին 150 հազար դրամ՝ համարելով, որ անբարեխիղճ իրավաբանական օգնություն է ցուցաբերել իր վստահորդին այն դեպքում, երբ դասագրքային փայլուն պաշտպանություն էր նա իրականացրել: Այդ գործով մենք դատավարական հակառակորդներ ենք եղել, նրան անգամ հաջողվեց բեկանել դատավճիռը Վերաքննիչ դատարանում, եւ, հանկարծ, Պալատի խորհուրդը գտնում է, որ նա անբարեխիղճ իրավաբանական օգնություն է ցուցաբերել, Խորհրդի անդամներից որեւէ մեկը կարո՞ղ էր նման պաշտպանություն իրականացրել:

Այս ամբողջը կապված է բացառապես Տիգրան Աթանեսյանի՝ Փաստաբանների պալատի նկատմամբ ունեցած դիրքորոշման հետ: Լռի Տիգրան Աթանեսյանը մեկ օր, ոչ մի կարգապահական վարույթ ապագա չի ունենա: Տեւական ժամանակ է՝ ես դատարանով նույնիսկ Փաստաբանների պալատից պահանջում եմ չհարուցված կարգապահական վարույթների փաստաթղթերը, որ հանրությանն ու փաստաբաններին ի ցույց դնեմ, թե ինչ է կատարվում Պալատում. նույնական փաստական հանգամանքների պարագայում ինչ որոշում ասես, կայացնում է Պալատը: Եթե դու յուրային ես համարվում, լոյալ դիրքորոշում ես ընտրել, չեն հարուցի կարգապահական վարույթ, կամ հարուցածն էլ կկարճեն, հակառակ դեպքում՝ տուգանք 150 հազար դրամ: Իհարկե, այս իրավիճակը խորանալու է:

Մեր քննադատությունն էլ է տեղ հասնում, շատ դեպքերում մեր հրապարակային քննադատությունն արդյունք է ունենում եւ Պալատը՝ ի դեմս Արա Զոհրաբյանի, ստիպված է լինում որոշակի քայլեր անել: Սա ապացուցում է, որ մենք շատ ճիշտ դիրքորոշում ենք բռնել, ապագայում էլ շարունակելու ենք նույնը: Ինչպես մենք քննադատում ենք դատական համակարգին, գլխավոր դատախազությանը, նախաքննական մարմիններին, այդպես էլ քննադատել եւ քննադատելու ենք Փաստաբանների պալատին: Թող ոչ մեկին չթվա, թե Փաստաբանների պալատը սրբազան կով է, որի մասին մենք դրական բաներ պիտի ասենք: Ցանկացած թերացում պիտի քննադատության թիրախում հայտնվի, երբ որ հարցը հանրայնացվում է, ստանում է լուծում: Համոզված եմ, որ մեր գործողությունների արդյունքում դրական տեղաշարժ լինելու է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք NEWS.am-ի տեսանյութում:

Տպել
Ամենաշատ