News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վանաձորի ճոպանուղու տարածքում տեւական ժամանակ է, ինչ քանդման աշխատանքներ են իրականացվում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ հայտնել է. «80-ականներին կառուցված, ՀԱՄԽ (Հայաստանի արհեստակցական մարզական խորհրդի) ենթակայության տակ գտնվող Վանաձորի ճոպանուղին, որ լիարժեք աշխատում էր, շենքն էլ գրեթե ամբողջությամբ ավարտին էր հասցված, 2005-ից հանձնվել է Վանաձորի քաղաքապետարանին եւ քանդում ու թալանում են մինչ օրս»:

Իսկ ահա Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քանդման թույլտվություն տրվել է ոչ թե ճոպանուղու, այլ ճոպանուղուց 100 մետր հեռավորության վրա գտնվող տուրիստական բազայի շենքի վերաբերյալ:

«Քանդման թույլտվությունը տրվել է հուլիսի 18-ին համայնքի ղեկավարի որոշմամբ: Շենքը պատկանում է Հայաստանի արհեստակցական մարզական խորհրդին»,-ասաց նա, նշելով, որ քաղաքաշինության պետական կոմիտեի մասնագետների տրված եզրակացության համաձայն՝ շենքը 5-րդ կարգի վթարայնության աստիճան ունի:

Բաժնի պետի խոսքով՝ եթե կոնկրետ ճոպանուղու կամ շենքի վրա որեւէ քանդման աշխատանք տարվի՝ ապա դա կդիտվի ապօրինություն, իսկ իրականացնողները կենթարկվեն պատասխանատվության:

Քանդման թույլտվությունն ստացել է «Տրիոշին» կազմակերպությունը, որն ըստ մամուլի հրապարակումների՝ պատկանում է Վանաձորի փոխքաղաքապետ Արտյոմ Գրիգորյանին. «Ես չգիտեմ տերն ով է, բայց տնօրենը հաստատ փոխքաղաքապետը չէ»,-ասաց նա:

Ճոպանուղու տարածք տանող բոլոր մուտքերը փակված ու կողպված են մետաղալարերով, որոնք բացվում են միայն շինարարների կողմից: Տարածքում աշխատում է քանդող ծանր տեխնիկան,  տեղադրված են գազաբալոններ, արդեն իսկ ապամոնտաժված մետաղական կոնստրուկցիաներ:

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը NEWS.am-ի հետ զրույցում սակայն հակառակը պնդեց, նշելով, որ թե ճոպանուղու շենքը ու թե հարակից վթարային շենքը եղել է համայնքապատկան. «Շենքն ու ճոպանուղին պատկանում էին Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպության հանրապետական միությանը, վերջին տարիներին ճոպանուղու հետ միասին նշված շենքը հանձնվեց համայնքին: Դա միայն ու միայն համայնքային գույք է»,-ասաց նախկին քաղաքապետը, վստահեցնելով, որ իր պաշտոնավարման մինչեւ վերջին օրը շենքը որեւէ մեկին չի վաճառվել ու պատկանել է զուտ համայնքին:

NEWS.am-ի թղթակցի հետ Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի նախկին պետ Տիգրան Պապանյանն էլ ասաց, որ կառավարության որոշմամբ տարիներ առաջ մի շարք շենքերի հետ այս շենքը եւս հանձնվել է համայնքին. «2005թվին կառավարության 176 Ա որոշումով, որից հետո ՀԱՄԽ-ի նախագահը դիմել է կառավարություն ու խնդրել շենքը հետ վերադարձնել իրենց: Կառավարությունը փոփոխություն է կատարել իր որոշման մեջ ու նորից հանձնել ՀԱՄԽ-ին»,-ասաց Պապանյանը:

Տիգրան Պապանյանի խոսքով՝ կառավարության որոշման մեջ արված փոփոխությունից հետո կիսակառույցի հանձնում ընդունում չի կատարվել, ինչի հետեւանքով էլ քաղաքապետարանը տեղեկացված չի եղել կառավարության որոշման փոփոխությունից:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ, այն ժամանակվա վարչապետ հովիկ Աբրահամյանն այցելել էր Վանաձորի նախկին ճոպանուղու տարածք, որտեղ նրան ներկայացվել էր ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները: Ըստ այդմ, նախատեսվում էր, որ ճոպանուղին կունենա 1300 մետր երկարություն եւ 2 հազար 500 մետր սահուղի: Նախագծի իրականացման արժեքը գնահատվում էր 2.5 մլն եվրո:

Տպել
Ամենաշատ