News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Վերաքննիչ  քաղաքացիական դատարանն  օգոստոսի 10-ին բեկանել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված դատական ակտը, որով մերժվել էր Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի բաժնի նախկին պետ Անահիտ Նազարյանի դատական հայցը քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ:

Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ 2016թ.-ի ապրիլի 28-ին Հրազդանի քաղաքապետարանում կայացած ավագանու նիստում քննարկվել  ու որոշում էր կայացվել  քաղաքապետարանի բաժինների օպտիմալացման մասին, ներկայացվել, որ 63 հաստիք արդեն ուժը կորցրած է, ինչի պատճառով շատ աշխատակիցներ պետք է  ազատվեն աշխատանքից՝ այդ թվում Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախկին պետ Անահիտ Նազարյանը:

Հայց ներկայացնելով դատարան՝ Անահիտ Նազարյանը պահանջել  էր իրեն պաշտոնում վերականգնել, պաշտոնից ազատելու՝ Հրազդան համայնքի ղեկավարի կարգադրությունը առոչինչ եւ անվավեր ճանաչել եւ օրենքով սահմանված վճարումները բռնագանձել: Սակայն  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աշոտ Խաչիկյանի նախագահությամբ, մերժել  էր քաղաքապետարանի նախկին բաժնի պետի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի:

Որոշումը ստանալուց հետո  հայցվոր կողմը ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում:

Այսօր հայտնի է դարձել, որ  Վերաքննիչ դատարանը  բեկանել  է առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս առնչությամբ NEWS.am-ը պարզաբանումներ է ստացել Հրազդանի քաղաքապետարանի նախկին բաժնի պետ Անահիտ Նազարյանի ներկայացուցիչ Մարատ Կոստանյանից. «Ի սկզբանե ինձ համար պարզ էր, որ քաղաքապետի գործողություններն ապօրինի էին, իսկապես հաշվեհարդար էր Անահիտ Նազարյանի նկատմամբ: Պարզապես ներանձնական խնդիր էր, նա վրեժխնդիր էր լինում՝ ոտնահարելով օրենքը: Պարզապես ծիծաղելի է, երեք  ամիս առաջ  հաստատված ավագանու որոշման փաստաթղթով նույն այդ թեմայով որոշում է կայացնում, 3 ամիս  հետո արտակարգ նիստ է հրավիրում, անուն է փոխում: Ինչ ասեմ, դե մեր ավագանին էլ, Աստված տվել, չի խնայել, ծափահարողների ակումբ է: Ու այդ ամենը օրենքի խախտմամբ է տեղի ունեցել:

Գնացինք դատարան, ցավոք սրտի, առաջին ատյանի դատարանը էնքան էլ չէր  տարբերվում էն իրադրությունից, ինչը ես նկարագրեցի, չնայած բոլոր փաստարկներին, ծառայողների մի կաստա էր: Ոչ թե իշխանություն էր իրեն համարում դատավորը, այլ  բարիկադի մի կողմում էր իշխողների հետ:Մերժեցին հայցը: Եվ պարզ էր, որ ես չէի կարող բողոք չբերել:

Ես, իհարկե, հիացած չեմ մեր դատական համակարգով, բայց վերաքննիչ դատարանի այդ կազմն իր բարձրության վրա գտնվեց: Նիստերը ձգձգվում էին, նրանք ելքեր էին փնտրում, սակայն ձգձգելու կարիք չկար, մի օր հիվանդանալ, մի օր բացակայել: Դատարանը հո չէր կարող գերի  մնալ մի կողմի քմահաճույքներին: Ի վերջո,  դատավարական իրավունքների չարաշահում կար: Կայացվել է համապաասխան ակտ՝ փոխել առաջին ատյանի դատարանի որոշումը:Եթե բողոքարկում չլինի, օրենքով սահմանված կարգով 1-ամյա ժամկետը անցնելուց հետո պատասխանող կողմը՝ Հրազդանի քաղաքապետը, պարտավոր է արձակել կարգադրություն դատարանի վճիռը կատարելու մասին՝ Անահիտ Նազարյանին վերականգնել իր պաշտոնում, նրան վճարել 1 տարվա միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի համար: Եթե քաղաքապետը չկատարի ակտի պահանջները, հարկադիր մարմինը կստիպի կատարել այն»,-նշեց Մարատ Կոստանյանը:

Ի դեպ, մյուս կողմը՝ Հրազդանի քաղաքապետարանը,  պատրաստվում է  Վճռաբեկ դատարան դիմել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հրազդանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գոռ Մաթեւոսյանը. «Իհարկե, սպասելի չէր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, պատրաստվում ենք բողոքարկել: Օգոստոսի 17-ին պարզ դարձավ, որ ես եմ ներկայացնելու քաղաքապետարանի շահերը: Մի քանի օր առաջ ենք ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը: Ունենք մեկամսյա սահմանված ժամկետ, որի շրջանակներում էլ կներկայացնենք մեր բողոքը: Կարծում ենք, Վճռաբեկ դատարանի որոշումը կլինի իրավական»,-նշեց Գոռ Մաթեւոսյանը:

Տպել
Ամենաշատ