News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանը մտահոգված է Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի անցկացմամբ. հնարավոր է՝ տարածաշրջանում անկայունություն ստեղծվի, որը տեսանելի ապագայում միանգամայն դժվար կկարգավորվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանից տարածաշրջանային հարցերով փորձագետ Էհսան Հուշմանդը:

Նրա խոսքով՝ կարող է կրկնվել 90-ականների եւ 2000-ական թվականների սկզբի սցենարը, երբ քրդական տարբեր խմբավորումների միջեւ բախումները խոշոր զոհերի հանգեցրին, խոսքը 10-12 հազար զոհի մասին է: «Իրանի պետական եւ պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ կողմ են Իրաքի տարածքային ամբողջականությանը եւ այս երկրի մասնատման կողմնակիցը չեն: Ինչպես հայտնի է, Իրանի եւ տարածաշրջանի քրդերի միջեւ գոյություն ունեն սերտ մշակութային, քաղաքակրթական կապեր: Քրդական բոլոր բարբառները մտնում են իրանական լեզուների մեջ: Քրդերի շրջանում տարածված են բազմաթիվ տոներ եւ ավանդույթներ, մասնավորապես՝ իրանական Նոր տարին՝ Նովրուզը տարածված է նաեւ քուրդ ժողովրդի շրջանում»,- նշեց Էհսան Հուշմանդը:

Հետեւաբար, շարունակեց փորձագետը, Իրանի եւ իրաքյան քրդերի միջեւ գոյություն ունեն լայն եւ սերտ հարաբերություններ հասարակական, մշակութային, քաղաքակրթական մակարդակներում: «Պետք է հավելեմ, որ Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծումից հետո այս կառույցի հետ Իրանի հարաբերությունները միանգամայն լավ են եղել: Ժամանակին Իրանը քրդերին մեծ աջակցություն է ցույց տվել Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պայքարում: Վերջին տարիներին, երբ Մոսուլը գրավելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը փորձեց գրավել նաեւ իրաքյան ինքնավարության մայրաքաղաք Էրբիլը, իրանական աջակցության պայմաններում եւ իրանական ուժերի մասնակցությամբ այս գործընթացը կանխվեց: Սակայն Իրանը մտահոգված է Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելու հայտարարությունների առիթով: Այս հայտարարությունները որոշակի չափով տարածաշրջանի կայունությունը խափանել են»,- ընդգծեց Էհսան Հուշմանդը:

Ըստ փորձագետի՝ հնարավոր է, որ այս հայտարարությունը Իրաքի ներսում տարբեր թեւեր ներկայացնող խմբավորումների բախման եւ արյունահեղության հանգեցնի: «Մենք գիտենք, որ Քիրքուքի նավթային շրջանի մի մասը, ինչպես նաեւ Մոսուլի որոշակի շրջաններ վեճի առարկա են՝ մի կողմից քրդական ինքնավարության, մյուս կողմից Իրաքի կենտրոնական կառավարության, եւ երրորդ կողմից որոշակի սուննիական խմբավորումների միջեւ: Եվ եթե քրդական ինքնավարությունը գնա անկախացման ճանապարհով, ապա այս տարածքների պատճառով կարող են արյունահեղ բախումներ առաջանալ: Եվ, որը պակաս վտանգ չի ներկայացնում, այս բախումները կարող են դուռ բացել տարածաշրջան երրորդ ուժի մուտքի համար, ինչը իրավիճակն ավելի կսրի»,- ասաց Էհսան Հուշմանդը՝ շարունակելով, որ նման պայմաններում կարող է չափազանց մեծ լինել այն բանի սպառնալիքը, որ, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածաշրջանում իր ներկայությունը վերստին կուժեղացնի:

«Հետեւաբար Իրանի սահմանների մերձակայքում անկայունության ընդլայնումը չի կարող Իրանի վրա չազդել: Դրանից բացի,  որոշ տարածաշրջանային երկրներ, որոնք տարբեր մակարդակներում իրենց որպես մարդասիրական, մյուս երկրներին ու ժողովուրդներին օգնող երկրներ են ներկայացնում, որպես կանոն, ճգնաժամային պայմաններում փախստականների առջեւ դռները փակում են: Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի մասին է, որը 1991 թվականին, 1995 թվականին եւ այլ ճգնաժամերի ժամանակ բոլոր միջանցքներն ուղղակի փակեց, եւ միայն Իրանը կրեց տարածաշրջանի փախստականների ամբողջ բեռը»,- ամփոփեց Էհսան Հուշմանդը:

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները Իրաքից անկախանալու հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը Բաղդադը եւ նրա հիմնական գործընկերները՝ Թեհրանը եւ Վաշինգտոնը քննադատել են:

Իրաքյան Քուրդիստանը Իրաքի հյուսիսում ինքնավարություն է, որի կարգավիճակն ամրագրված է երկրի սահմանադրությամբ: Ինքնավարության եւ դաշնային կենտրոնի միջեւ մի քանի տարի համաձայնագիր էր գործում, որի համաձայն Իրաքյան Քուրդիստանը Բաղդադին օրական 250 հազար բարելից ոչ պակաս նավթ էր տալիս՝ դրա դիմաց ստանալով դաշնային բյուջեի 17 տոկոսը: Սակայն հետո կողմերը դադարեցին հետեւել համաձայնագրին՝ մեկը մյուսին մեղադրելով այն չկատարելու մեջ:

Իրաքն ՕՊԵԿ-ում մեծությամբ երկրորդ նավթ արտադրողն է: Հիմա Իրաքը եւ Իրաքյան Քուրդիստանը իրենց նավթն ինքնուրույն են վաճառում՝ մեկը մյուսին ոչ մի հատկացում չկատարելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ