Ղազախստանի սահմանապահները կալանել են ոսկերչական արտադրանքի մաքսանենգ բեռ, որի ընդհանուր արժեքը մոտ 2 մլն դոլար է, հայտնում է Ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Աստանայի միջազգային օդանավակայանում սահմանապահ ստուգում կատարելիս զննել են 48 կգ ընդհանուր քաշով 2 պայուսակ, որոնք գրանցված էին Ադրբեջանի քաղաքացու անունով: Բեռը ժամանել է Ստամբուլի չվերթով:
«Տվյալ քաղաքացու ուղեբեռը ստուգելիս հայտնաբերվել է 11,786 հազար ոսկերչական արտադրանք, ենթադրաբար՝ թանկարժեք մետաղից (դեղին գույնի 32 կգ մետաղ եւ մոխրագույն 16 կգ մետաղ): Մաքսանենգ ապրանքի մոտավոր արժեքը գնահատվում է 2 մլն դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործ է հարուվել: Կատարվում են քննչական գործողություններ: