Զրահապատ Mercedes-Benz S-klasse Trasco Bremen լիմուզինը, որով Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը մեկնել է պաշտոնական եւ անձնական հանդիպումների, Պետերբուրգում վաճառվել է 19,7 մլն ռուբլով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մեքենան վաճառած ավտոսրահի նախագահը:
«Լիմուզինը 19,7 մլն ռուբլով հավաքորդի է վաճառվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ համապատասխան հայտարարությունը հայտնվել է ավտոմեքենաների վաճառքի կայքերից մեկում: ՏԱՍՍ-ին ավտոսրահում հայտնել են, որ լիմուզինը մեծ հետաքրքրություն է առաջացրել գնորդների եւ լրագրողների շրջանում:
Հայտարարության համաձայն՝ ավտոմեքենան «ետին հաղորդակ ունի, ձախակողմյան ղեկ», վազքը կազմում է 60 հազար կմ: Լիմուզինը հատուկ պատվերով է պատրաստվել: Վաճառողի կարծիքով՝ ավտոմեքենան կարող է դառնալ «լավ հավաքածուի արժանի նմուշ»:
Կայքի մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին ասել են, որ ավելի վաղ մեկ այլ լիմուզին՝ Mercedes-Benz S-klasse III-ը (W140), որով նույնպես Ելցինն է երթեւեկել, «վաճառվել է 33 մլն ռուբլով»: