News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի հայրենասերների ֆաշինքի ղեկավարը Ախալքալաքում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Akhaltskha.net-ը:

Նշենք, որ օգոստոսի 20-ին Ախալքալաքի կենտրոնական այգու կողքին գտնվող նախկին կինոյի տան շենքում բացվել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության գրասենյակը, որին ներկա են եղել կուսակցության  հիմնադիրներ Դավիթ Թարխան-Մոուրավին եւ Իռմա Ինաշվիլին:

Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը իր խոսքում նշել է, որ Ախալքալաքում «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության գրասենյակի բացումը շատ կարեւոր քայլ է: Սամվել Պետրոսյանը դահլիճում բոլոր մասնակիցների անունից խորին շնորհակալություն հայտնեց Դավիթ Թարխան-Մոուրավիին Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ վճռական դիրքորոշման համար:

Սամվել Պետրոսյանի առաջին հարցը Դավիթ Թարխան-Մոուրավիին  վերաբերվում էր ջավախքցիների համար երկքաղաքացիություն ստանալու թույլտվության հարցին: Երկրորդ հարցը վերաբերվում էր ֆինանսական բանկերի գործունեությանը, որոնք մեծ տոկոսով վարկեր են տրամադրում բնակչությանը: Երրորդ հարցը վերաբերվում էր պարտադիր զինվորական ծառայության  հետաձգման վարձի գումարի նվազեցման անհրաժեշտությանը, որը ներկա պահին կազմում է 3000 լարի եւ բացասական է ազդում Ջավախքի ժողովրդի բյուջեին: Չորրորդ հարցը վերաբերվում էր տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիային վավերացման կարեւորությանը: Եվ հինգերորդ ու վերջին հարցը վերաբերվում էր նրան, որ այսօր փաստացի խախտվել է Վրաստանի խորհրդարանում հայ եւ ադրբեջանցի պատգամավորների թվաքանակի հավասարության հարցը ի օգուտ ադրբեջանցիներին, ինչի վտանգի մասին Սամվել Պետրոսյանը բարձրաձայնել է Վրաստանի խորհրդարանում իր պատգամավորության ժամանակ:

Դավիթ Թարխան-Մոուրավին  իր ելույթում վերահաստատել է այն փաստը, որ նա եւ նրա կուսակցությունը ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ նշեց, որ թուրքերը իրականացրել են ցեղասպանություն շատ այլ ժողովուրդների հանդեպ, ինչպես նաեւ վրացիների: Նրա խոսքով՝ այսօր Թուրքիան հավակնություններ ունի Բաթումի, Օզուրգեթիի եւ Ախալցխայի նկատմամբ: Դավիթ Թարխան-Մոուրավիի կարծիքով Վրաստանի տարածքների 33 տոկոսը այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի հետ եւ այս առումով պետք է տանել գրագետ աշխատանք բացատրելու նրանց այդ ամենը:

Անդրադառնալով հաջորդ հարցին Դավիթ Թարխան-Մոուրավին  ասաց, որ նրանք չեն կարող անել այնպես, որ դպրոցները լինեն ոչ վրացական, սակայն տվյալ դպրոցներում պետք է սովորեն ոչ միայն հայոց լեզուն, այլ նաեւ հայկական պատմությունն ու մշակույթը: Որպեսզի մարդ չդադարի լինել հայ, բայց նույն ժամանակ սովորի վրացական լեզուն եւ մշակույթը:

«Հասկանում եք, եթե բոլոր փաստաթղթերը տպվեն հայերեն լեզվով, ապա մենք պետք է դա անենք նաեւ ադրբեջաներեն լեզվով, հունական եւ այլն: Պետության համար դա շատ դժվար է: Երկրորդ խնդիրը նրանում է, որ, եթե լինենք անկեղծ, ապա վրացական պետությունը վախենում է անջատողականությունից»,-ասում է Դավիթ Թարխան-Մոուրավին: Նրա կարծիքով՝ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է գտնել մեխանիզմներ:

Նույն համատեքստում կուսակցության առաջնորդը պատասխանեց նաեւ Վրաստանի կողմից երկքաղաքացիության ընդունման հեռանկարին:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Դավիթ Թարխան-Մոուրավին  ասաց, որ Վրաստանը պետք է ունենա սառը հարաբերություններ Թուրքիայի հետ, քանի, որ Թուրքիան մշտապես զբաղվել է ուրիշ երկրների հողերի յուրացումով: Նրա խոսքով՝ Թուրքիայում 27 անգամ տեղի է ունեցել քրդերի Ցեղասպանություն, եւ այդ իսկ պատճառով նա համարում է, որ տվյալ պետությունը շատ ագրեսիվ է եւ վտանգավոր է Վրաստանի համար:

Վերջում կուսակցության առաջնորդը անդրադարձավ եւ համաձայնեց Սամվել Պետրոսյանի կողմից բարձրաձայնած սոցիալական հարցերի լուծման տարբերակին:

Տպել
Ամենաշատ