News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտերկրում թուրք մտավորականների նկատմամբ հետախուզում հայտարարելով, նրանց ձերբակալելով Էրդողանը փորձում է իր իշխանությունը տարածել Թուրքիայի սահմաններից դուրս: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը՝ անդրադառնալով ծագումով թուրք գրող Գերմանիայի քաղաքացի Դողան Ահանլըի ձերբակալությանը: Նա նշեց, որ ծագումով թուրք մտավորականները, որոնք քննադատում են Թուրքիայի իշխանություններին, միշտ էլ հետապնդումների են ենթարկվում եւ Դողան Ահանլըի էլ բացառություն չէ:

«Կան թուրք մտավորականներ, որոնք հետապնդումների են ենթարկվել, այժմ էլ բանտարկված են, հալածանքի են ենթարկվում, քանի որ համարձակություն են ունեցել քննադատել Թուրքիայի իշխանություններին: Տասնյակ քաղաքացիներ հետապնդման են ենթարկվում, ճանաչում եմ շատ մտավորականների, որոնք Թուրքիային քննադատել են եւ նրանց նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել, որից հետո ձերբակալվել են, ավելի ուշ միջազգային իրավական կառույցների միջամտությամբ ազատ արձակվել»,-ասաց նա՝ նշելով, որ Դողան Ահանլըն, բացի իշխանություններին քննադատելուց, նաեւ աշխատություն ունի, որի մեջ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, այս առումով էլ նրա ձերբակալությունը կարող է քաղաքական լինել:

Հիլդա Չոբոյանի խոսքով, այս պարագայում Հայ դատի հանձնախումբը միշտ էլ անելիք ունի՝ թուրք մտավորականներին աջակցելու, նրանց ազատ արձակելու հարցում քայլեր ձեռնարկելու առումով. «Հայ դատը միշտ էլ մեծ պարտականություն ունի այս մարդկանց ճակատագրով հետաքրքրվելու եւ միջամտություններ անելու, որպեսզի ազատ արձակվեն»:

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատարանը օգոստոսի 20-ին որոշել էր ազատ արձակել նախօրեին ձերբակալված ծագումով թուրք գրող Դողան Ահանլըին, պայմանով որ նա չհեռանա Մադրիդից: Պաշտոնական Բեռլինը արագ արձագանքել էր Գերմանիայի քաղաքացի Ահանլըի ձերբակալմանը՝ Իսպանիայի իշխանություններին հորդորելով նրան չարտահանձնել Թուրքիային: Անկարան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:Դողան Ահանլըն ծնվել է Թուրքիայում, բայց 1984 թ. հեղաշրջումից հետո մի քանի տարի անցկացնելով բանտում՝ արտագաղթել էր Գերմանիա: Գրողների PEN ընկերությունը գտնում է, որ նրա ձերբակալությունը հնարավոր քաղաքական է, քանի որ Դողան Ահանլըն գրել է 1915 թ. հայերի զանգվածային ջարդերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ