News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոռոգման սեզոնին զուգահեռ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ձեռնարկել է նաեւ սելավատարերի մաքրման աշխատանքներ: Ապարանի ջրամբարը սնուցող սելավատարում, որը նախորդ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ լցվել էր ցեխով եւ քարերով, սկսվել են մաքրման աշխատանքները:

Ջրային տնտեսության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քարերով ու ցեխով լցված սելավատարով գրեթե անհնար էր դարձել ջրի հոսքը, իսկ ջրակորուստների չափը զգալիորեն մեծացել էր: Մի քանի օր տեւած մաքրման աշխատանքներն իրականացվել են ՋՏՊԿ եւ «Ջրառ» ՓԲԸ մասնագետների եւ համապատասխան տեխնիկայի միջոցով: Աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով եւ շարունակվում են մինչեւ օրս: Արդեն մաքրված հատվածում ջրի հոսքը նկատելիորեն շատացել է, ինչը թույլ կտա խթանել Ապարանի ջրամբարի լցվածությունը:

«Սելավատարի մաքրման աշխատանքները շարունակվում են, մեր հաշվարկներով դրանք կտեւեն եւս մեկ շաբաթ: Այս պահին բավականին շատ տեխնիկա է աշխատում տեղում, սակայն հարկ եղած դեպքում՝ պատրաստ ենք ավելացնել նաեւ դրանց քանակը»,- ասում է «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Կարեն Եփրեմյանը:

Նշենք, որ Ապարանի ջրամբարը գտնվում է  Ապարանի տարածաշրջանի կենտրոնական հատվածում, ընկած է  Քասաղ գետի միջին հոսանքում։ Կառուցվել է 1962-1967 թթ-ին։ Հայելու մակերեսը 735 հա է, ընդհանուր ծավալը՝ 91 միլիոն խմ, օգտակարը՝ 81 միլիոն խմ, ջրթողունակությունը վայրկյանում 18 մ³։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 47 մ, երկարությունը՝ 200 մ։

Տպել
Ամենաշատ