News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։ Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկեցին Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։ Եզրափակիչի առաջին մրցափուլում ըմբիշները վաստակեցին մեկական միավոր։ Ընդմիջումից հետո առաջին միավորը շնորհվեց Արթուր Ալեքսանյանին։ Վերջին րոպեին էին դուրս հրեց գորգից մրցակցին հայ ըմբիշը եւ հաղթեց 3։1 հաշվով։

ՊՆ զորամասերից մեկում իր աշխատասենյակում հայտնաբերվել է կապիտան Անդրանիկ Մկրտչյանի դին: 26-ամյա զինծառայողը, նախնական տվյալներով, իրեն ամրակցված զենքից է ծնոտի շրջանում հրազենային վիրավորում ստացել: Կատարվածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն, կպարզի նախաքննական մարմինը: Դեպքից մեկ օր անց Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Անդրանիկ Մկրտչյանն Ապարանի բնակիչ էր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության էր անցել Զինված ուժերում:

Ռուսաստանում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ըստ հարազատների, ներում է շնորհվել: Հարազատները պնդում են, որ արդեն դեկտեմբերին Հրաչյա Հարությունյանն ազատության մեջ կլինի: Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց Հարությունյանների հայտարարությունը: Անկախ ամեն ինչից օգոստոսի 18-ին Հայաստանի առաջին ատյանի կողմից Ռուսաստանի դատարանի դատավճիռը ճանաչելուց հետո 20 օրվա ընթացքում ՔԿՎ հանձնաժողովը կորոշի՝ որտեղ է կրելու պատիժը Հրաչյա Հարությունյանն ու ինչ ռեժիմով: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով  18 մարդ էր մահացել։

Երեւանում նորածին է մահացել: Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ 41 շաբաթական հղիության մեջ գտնվող կինը դիմել է օգոստոսի 19-ին: Ավելի ուշ, պարզվել է, որ երեխան մահացած է ծնվել: NEWS.am-ի հետ զրույցում ինտսիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ կնոջ մոտ եղել է ընկերքի տոտալ անջատում, ինչի հետեւանքով ծննդաբերությունը նման ողբերգական ավարտ է ունեցել: Կատարվածում հարազատները բժիշկներին են մեղադրում: Երեխայի մահվան պատճառը պարզելու ուղղությամբ քննություն է կատարվում:

Դատավորի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքն է բացահայտվել հանրապետությունում: Քաղաքացին հաղորդում է տվել, որ տան առքուվաճառքի հետ կապված իր օգտին վճիռ կայացնելու համար ինքը 10 հազար դոլար է փոխանցել ծանոթին: Գումարից 7 հազար դոլարը, ըստ հաղորդման, այդ ծանոթը, պայմանավորվածության համաձայն, փոխանցել է Վարչական դատարանի դատավորին: Հատուկ քննչական ծառայությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, թե ով է դատավորը, դեռեւս գաղտնի է պահվում:

Ողբերգական վթար Լոռու մարզում. դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպելի» եւ «Վոլքսվագենի» բախման հետեւանքով մահացել է «Օպելի» վարորդի 9-ամյա դուստրն ու 53-ամյա հայրը: Երկու մեքենաների մյուս ուղեւորներն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Եվս մեկ ողբերգական դեպք էլ տեղի է ունեցել Կոտայքի մարզում կիրակի երեկոյան: Բալահովիտ գյուղում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և նրա 2 տարեկան թոռանը: Հիվանդանոցում եւ պապը, եւ թոռը, մահացել են: Վրաերթի հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում:

79 տարեկանում այսօր մահացել է հայտնի գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը: Մշակույթի վաստակավոր գործչին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Պերճ Զեյթունցյանը ծնվել է Ալեքսանդրիայում, 1948թ.-ին՝ հայրենադարձվել Հայաստան։ Նա եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, Հայաստանի գրողների միության քարտուղարը։

Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուսական ռուբլին՝ թանկացել: Օգոստոսի 21-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 561 դրամ, դոլարինը՝  478, ռուսական ռուբլունը՝ 8.10, ֆունտինը՝ 616 դրամ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ 24-ին կնվազի 2-3 աստիճանով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ