USS John S. McCain ամերիկյան հածանավը օգոստոսի 21-ին Սինգապուրից արեւելք բախվել է նավթատար տանկերի հետ․ անհետացել են 10, տուժել եւս հինգ նավաստիներ։ Այս մասին հայտնում է RTVI-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ՌԾՆ հայտարարությունը։
Ամերիկյան հածանավը բախվել է Alinic MC առեւտրային նավին, երբ ուղեւորվում էր Սինգապուր՝ նավահանգիստ մտնելու համար։ Տանկերը, որը Լիբերիայի դրոշով էր նավարկում, տեղափոխում էր 12 հազար տոննա նավթ Թայվանից Սինգապուր։ Մալայզիայի իշխանությունները ճշգրտում են, որ բախումը տեղի է ունեցել Մալայզիայի ջրային տարածքում՝ Հարավ- չինական ծովում։
Բախումից տուժած չորս նավաստիների տեղափոխել են սինգապուրյան հիվանդանոց։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են սինգապուրյան նավեր, ուղղաթիռներ ու ԱՄՆ ռազմածովային նավատորմի օդանավերը։
Ըստ ԱՄՆ ՌԾՆ հայտարարության՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմա հածանավը շարժվում է դեպի Չանգի սինգապուրյան ծովային բազա։