News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 2-4-ը «Երեւան-Էքսպո»  ցուցահանդեսային համալիրում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, մեկնարկելու է «Arm Security-2017»  անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով:

Միջոցառմանը կցուցադրվեն արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման համակարգեր ու տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ փրկարարական եւ հրդեհային անվտանգության ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա` հիմնական արտադրողներից:

Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման եւ դրանց հետեւանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:

Ցուցահանդեսին ներկա են գտնվելու հայաստանյան եւ արտասահմանյան բարձրաստիճան պետական այրեր, ոլորտի ակնառու ներկայացուցիչներ: Իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնելու միջազգային եւ հայկական ընկերություններ:

Ցուցահանդեսի գործնական ծրագրի շրջանակներում նախատեսվում են երկօրյա կոնֆերանսներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին:

Նախատեսված են քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների, գազալցակայանների, բենզալցակայանների, ատոմակայանի բարձրաստիճան ղեկավարության միջեւ` նվիրված արտակարգ իրավիճակներում տարածքների եւ բնակչության արդյունավետ պաշտպանողական համակարգի ստեղծման խնդիրներին. առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը, արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացած վնասների փոխհատուցման պետության բեռի թեթեւացման հնարավորություններին եւ այլն:

Գործնական ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ այլ միջոցառումներ եւ հանդիպումներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ:

Ցուցահանդեսի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետեւյալ հղումով՝ http://arm-sec.com/ru/: Շահագրգիռ ընկերություններին մասնակցության համար խնդրում ենք դիմել 091507717, 043343333 հեռախոսահամարներով կամ [email protected] (պատճենը` [email protected]) էլեկտրոնային հասցեներով:

Տպել
Ամենաշատ