News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր՝ օգոստոսի 21-ին, ստացել է Երեւան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը «թալանելու» վերաբերյալ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատախազության հանրային կապերի բաժնից, որտեղից նշեցին, որ դիմումն այժմ ուսումնասիրման փուլում է:

NEWS.am-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ խոսքը «ռազմավարական օբյեկտի գույքի հափշտակության» մասին է,  պետք է  ուսումնասիրություններ իրականացվեն եւ բացահայտվի երկաթգծի թալանի ամբողջ մեխանիզմը:

«Պետք է պարզվի, թե թալանի հետ կապված իշխանություններն ինչ առնչություն ունեն, կոնկրետ համայնքի տարածքում է այն եւ այդ համայնքի պետական գույքը կարող է դարձած լինել, հազար հարց կա ճշտելու, եթե վարույթ հարուցվի՝ կուսումնասիրեն, կճշտեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Երեւան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը «թալանելու» վերաբերյալ օրեր առաջ ահազանգել էր «Սիվիլնեթի» լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը սեպտեմբերի 21-ին ընդառաջ նկարահանում է «Փշալարից այս կողմ․ Հայաստան-Իրան հարաբերությունները» խորագրով ֆիլմաշար: Լրագրողն ահազանգել էր, որ մոտ 40 կիլոմետր երկարությամբ երկաթգծից «ոչինչ չի մնացել». «Երկաթյա ռելսերը եւ ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը մնալու են հավերժ թշնամիներ, և երկու երկրների միջև երբևէ հաղորդակցություն չի լինելու, նույնիսկ այդ դեպքում չէր կարելի թալանել ու վաճառել Մեղրու շրջանով՝ Արաքսի հովտով անցնող երկաթուղին, քանի որ դրանով այսօր էլ կարելի էր Ագարակից Կապան հասնել։ Ավելին, այդ երկաթուղով կարելի էր Ագարակից հասնել Հորադիզ, եթե, իհարկե, «չի ապամոնտաժվել ու թալանվել Արցախ-Իրան սահմանով անցնող ավելի քան 100 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը», նշել է լրագրողը:

Տպել
Ամենաշատ