News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մասիսում որեւէ ծեծկռտուքի կամ միջադեպի իմ եղբայրը չի մասնակցել, նման իրավիճակի մեջ չի եղել, անլուրջ եմ վերաբերում այդ մասին տարածված տեղեկատվությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով armtimes.com-ի հրապարկմանը, ըստ որի, նախորդ շաբաթ ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակում: Ըստ այդմ, Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, եւ վերջինիս Գոռ անունով սանիկը օգոստոսի 18-ին 5-6 ավտոմեքենայով, դանակներով եւ մահակներով զինված՝ ծեծի են ենթարկել մի խումբ անձանց: Դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքի հրապարակի սրճարաններից մեկում, երեկոյան: Նախ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով քաղաքապետի մերձավորները վիճաբանող մյուս կողմին հասցրել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դանակահարել են մի քանիսին, մյուսները գլխի շրջանում ծանր վնասվածքներ են ստացել»,- փոխանցել է թերթի աղբյուրը:

«Լսել եմ, որ քաղաքում ծեծկռտուք է եղել, բայց միայն այդքանը: Ես չգիտեմ, թե ովքեր են մասնակցվել ծեծկռտուքին, ում հետ է դեպքը եղել եւ ինչպես: Լրատվամիջոցներից իմացա, որ եղել է նման բան, հիմա սպասում եմ իրավապահների պատասխանին»,-ասաց Մասիսի քաղաքապետը:

Հարցին, թե արդյոք ծեծկռտուքին չի մասնակցել նաեւ իր եղբոր սանիկը, նա արձագանքեց, որ այդ մասին ոչինչ չի կարող ասել: Նա նաեւ ապատեղեկատվություն համարեց, որ ծեծկռտուքի ժամանակ գործադրվել է դանակ ու զենք:

Դավիթ Համբարձումյանը կարծիք հայտնեց, որ այս պատմության մեջ իր եղբոր անունը հնչեցնելով փորձում են սեւացնել իրեն:

Այս դեպքի առնչությամբ, ոստիկանությունից փոխանցեցին, որ իրենք ահազանգ են ստացել, որ օգոստոսի 18-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Մասիսի կենտրոնական հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով վնասվածքներ, նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է:

Տպել
Ամենաշատ