News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրության նախնական տեղեկություններով՝ Հայաստանում հուլիսին արտահանման ծավալն աճել է երկնիշ թվով՝ 25,2 տոկոսով: Այսինքն՝ ավելացել է ավելի քան մեկ քառորդով:

Սակայն աճի տեմպի առումով ներմուծումը արտահանմանը գերազանցել է 20 տոկոսային կետով՝ կազմելով 45,1 տոկոս: Հաշվի առնենք, որ ներմուծման մեկ տոկոսի բովանդակությունը 1,7 անգամ ավելի է, քան արտահանմանը: Արդյունքում՝ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն մեկ տարում աճել է:

Ընդհանուր առմամբ, հունվար-հուլիսին արտաքին առեւտրի անհավասարակշռությունը հասել է գրեթե 1,0 մլրդ դոլարի: Սակայն սա ամենեւին ռեկորդ չէ: Նախկինում՝ մինչեւ 2015 թվականը, 7 ամսում բացասական սալդոն գերազանցել է 1,5 մլրդ դոլարի նիշը: 2015 թվականին նեմուծման կտրուկ անկումը արտահանման հետ դրա տարբերությունը կրճատել է. հունվար-հուլիսի տվյալներով՝ մինչեւ 0,9 մլրդ դոլար: 2016 թվականին այս ցուցանիշը, նույն 7 ամիսներին, նվազել է արդեն մինչեւ 0,7 մլրդ դոլար:

Նշենք, որ վերջին տարիներին արտահանման դինամիկան բնութագրվել է աճի որոշակի միտմամբ: Բացառություն է եղել նույն 2015 թվականը: Այդ տարվա հունվար-հուլիսին ապրանքների արտահանումը կրճատվել է 4,5 տոկոսով: Սա հիմնականում կապված էր Ռուսաստանում հայկական կոնյակի իրացման խնդիրների հետ: Ինչպես հայտնի է, «թունդ ալկոհոլային խմիչքներ» (որոնց թվում է նաեւ կոնյակը) ապրանքախումբը ավանդաբար մեր արտահանման վարկանիշի վերին հորիզոնականներն է զբաղեցնում:

Մեր ձեռնարկատերերին հաջողվել է նշված խնդիրները հաղթահարել, եւ 2016 թվականից հայկական կոնյակը արտահանման մեջ իր նախկին դիրքերը վերադարձրել է: Դրանից բացի, աճել է «հանքային արտադրանք» խմբի ապանքների արտահանումը (առաջին կիսամյակի տվյալներով՝ գրեթե 1,4 անգամ), որի մեջ են ընդգրկված մեր արտահանման առաջատար ապրանքները՝ հանքաքարը եւ մետաղների կոնցենտրատը:

Առաջին կիսամյակի տվյալներով՝ ներմուծման աճը հիմնականում ապահովել են «քիմիական ոլորտի արտադրանք» եւ «մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» ապրանքախմբերը: Սակայն այս ժամանակահատվածում աճի տեմպը չի հասել «նույնիսկ» մինչեւ 26 տոկոսի: Կոնկրետ որ ապրանքախմբերն են բերել հուլիսին ներմուծման վերեւում նշված թռիչքաձեւ աճին՝ պարզ կլինի ավելի մանրամասն տեղեկատվության հրապարակումից հետո:

Սմբատ Գրիգորյան 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ