News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:  Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրներն ինտենսիվ քաղաքական երկխոսություն են պահպանում, համագործակցում են թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության եւ ռազմական ոլորտներում:
Սերժ Սարգսյանն իր հերթին հիշեցրել է, թե վերջին տարիները երկու երկրների միջպետական հարաբերությունների համար որքան ինտենսիվ ժամանակաշրջան են եղել: Նրա խոսքով՝ ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ: Մեր երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին՝ Հայաստանի անտառային խոշոր հրդեհների մարմանն օգնելու համար:

Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Թուրքմենստանի նախագահը:  Այցի շրջանակում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, սպասվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճած Մաքսիմ Մանուկյանը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձան հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում նրանք արժանացան մարզասերների եւ սպորտի ղեկավարների ջերմ ընդունելությանը: Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Երեւանում հայտարարեց, որ չի բավարարվելու այս տիտղոսներով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի համար Մաքսիմ Մանուկյանի չեմպիոնական տիտղոսը սպասելի էր: Հաջողության գրավականը նա համարում է 85 կգ-ից 80 կգ քաշային կարգ իջնելը: 30-ամյա ըմբիշը նախկինում որեւէ մեդալ մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում չէր նվաճել:

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր էլ անցավ լարված մթնոլորտում: Երկու շաբաթ տեւած ընդմիջումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալների այն պաշտպանների նկատմամբ, որոնք ներկա էին այսօրվա նիստին:  Փաստաբաններին վրդովվեցրել էր ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանին առանց իր համաձայնության հանրային պաշտպան տրամադրելու՝ դատարանի որոշումը: Հենց դրա վերաբերյալ փաստաբաններից Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդությամբ հանդես գալ, սակայն Արտուշ Գաբրիելյանը թույլ չտվեց նրան խոսել եւ դատական սանկցիա կիրառեց:

Նրա հեռանալուց հետո դատարանը սանկցիա կիրառեց նիստին ներկա բոլոր փաստաբանների նկատմամբ: Մինչեւ փաստաբանների բոյկոտը՝ դատավորը նիստերի դահլիճ հրավիրեց Պավլիկ Մանուկյանին, Արեգ Կյուրեղյանին եւ Կարո Եղնուկյանին՝ նրանց ինքնությունը ճշտելու նպատակով:

Այսօրվա նիստին լրացավ նաեւ Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ կիրառված սանկցիաների ժամկետը եւ նրանք բերվեցին նիստերի դահլիճ: «Միայնակ գայլը» դատավորի հարցերին պատասխանելու ժամանակ Արտուշ Գաբրիելյանին դիմեց «Պարոն Միկոյան»՝ նկատի ունենալով Անաստաս Միկոյանին:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանին 1 տարով ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի կայացրած դատավճիռը: Արմեն Միքայելյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ կրելու մեջ: Այսօր Վերաքննիչում պաշտպան Երվանդ Վարոսյանը պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին: Վարոսյանն իր բողոքում նշել էր, որ գործում առկա ապացույցները ոստիկանական ծագման են: Մեղադրողը բողոքի վերաբերյալ առարկությունը ներկայացնելիս անդրադարձավ փաստաբանի այս հայտարարության վրա

Մինչ Երվանդ Վարոսյանը փորձում էր բացատրել, որ իր հայտարարությունը լրիվ ուրիշ բանի մասին էր, դատավորներից Մհեր Արղամանյանը հարկ համարեց հիշել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը: Երվանդ Վարոսյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որն էլ մերժվեց: Այնուհետեւ դատարանը խորհրդակցական սենյակից շատ կարճ ժամանակ անց վերադառնալով մերժեց Վերաքննիչ բողոքը, որի հրապարակման ժամանակ դատախազն արդեն հեռացել էր նիստերի դահլիճից:

Մասիսի քաղաքապետի եղբայրը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:  Ըստ տարածված լուրերի՝ Մասիսում օրեր առաջ քաղաքապետի եղբայրն ու մերձավորները ծեծկռտուք են սարքել, որի ընթացքում քաղաքացիներ են դանակահարվել, մի քանիսն էլ գլխի շրջանում ծանր վնասվածքներ են ստացել: Մասիսի քաղաքապետը, որը Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, NEWS.am-ի հետ զրույցում հերքեց մամուլի տեղեկությունները՝ նշելով, որ ծեծկռտուք Մասիսում իսկապես եղել, բայց իր եղբայրն ու մերձավորները դրա հետ առնչություն չունեն: Ոստիկանությունում ահազանգ կա, նյութեր են նախապատրաստվում:

Վայոց ձորում օգոստոսի 10-ին բռնկված խոշոր հրդեհի դեպքով արդեն մեղադրյալ կա:  Քննչական կոմիտեից հաղորդում են, որ մեղադրյալն Արտավանի բնակիչներից է, հրդեհը բռնկվել է նրա անսարք ավտոմեքենայի շահագործման ժամանակ խլացուցիչից արտանետված բոցերի հետեւանքով: Տղամարդը ստորագրությամբ ազատ է արձակվել: Իսկ երկու օր անց «Խոսրովի անտառում» բռնկված հրդեհի գործով դեռեւս նախնական վարկած էլ չկա, թե ինչից կարող էր առաջանալ նման խոշոր հրդեհը:

Դոլարի ու ռուբլու փոխարժեքները  մնացել են անփոփոխ, իսկ եվրոն թանկացել է: Օգոստոսի 23-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 563 դրամ, դոլարինը՝ 478, ռուբլունը՝ 8.10, ֆունտինը՝ 612 դրամ:

Հանրապետությունում օգոստոսի 24-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի: Մայրաքաղաքում օգոստոսի 24-ի գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ