News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած Մաքսիմ Մանուկյանին  եւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Արդեն մի քանի օր Հայաստանում տոնական տրամադրություններ են մեր ըմբիշների հաջողությունների եւ նվաճած մեդալների առիթով: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններ դիմավորելը արդեն երկար ժամանակ մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել: Սա մի փաստ է, որ պետք է արձանագրել եւ հուսալ, որ դեպի «Զվարթնոց» մարզասերների եւ լրագրողների շարասյուները ավելի ու ավելի հաճախակի կդառնան:

Այսօրվա այդ արարողությունը առանձնահատուկ նշանակություն ուներ, որովհետեւ այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձն էր, ինչի առիթով չեմպիոնները իսկական նվեր էին մատուցել մեր երկրին: Ի վերջո, նրանք աշխարհին ներկայացնում են անկախ Հայաստանը, ամբողջ աշխարհի առաջ բարձրացավ անկախ Հայաստանի դրոշը, հնչեց հիմնը:

Իհարկե, սա ընդամենը զուգադիպություն էր, որը տարօրինակ կերպով մեծ ուշադրության չարժանացավ: Այն նույն ժամանակ, երբ չեմպիոններին Փարիզից տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարում «Զվարթնոցում», նախագահական ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի:

Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, մեկնում էր Սոչի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այն փաստը, որ Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, մեծ արձագանք գտավ մամուլում: Համընդհանուր հավանության արժանացավ այն վարկածը, որ Վլադիմիր Պուտինը հատուկ է հենց այս օրը Սարգսյանին հրավիրել Ռուսաստան՝ նվաստացնելու եւ Հայաստանի անկախ չլինելն ընդգծելու նպատակով:

Դժվար է պատկերացնել այս դավադրության իրականացման դետալները, օրինակ, ՌԴ նախագահի աշխատակազմի որ օղակում է ծնվել այդ միտքը, մասնավորապես ով է հայ-ռուսական հարաբերությունները սիմվոլների լեզվով վարող պաշտոնյան, որի գլխում այդպիսի փայլատակում է եղել: Մտածել, որ ՌԴ նախագահը առավոտները սկսում է Հայաստանի պատմական օրերի եւ տոների ինֆորմացիան թարմացնելով, անհեթեթ կլինի:

Այսօր Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ Վատիկանի  պետքարտուղար Պետրո Պարոլինին: Թերեւս առանձին ուսումնասիրության թեմա է, թե ինչ օր էր օգոստոսի 23-ը Իսրայելի եւ Վատիկանի համար:

Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն եղավ, որ այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը մեզ հյուր է գալիս աշխարհի առաջատար բռնապետական երկրներից մեկի նախագահը, թերեւս էլ ավելի հեռահար վերլուծությունների թեմա է: Կարող էր չէ՞ այսօր Երեւան ժամանել Կանադայի վարչապետը կամ եվրոպական ժողովրդավարական երկրներից մեկի ղեկավարը: Ստացվում է, որ Սարգսյանը, այսօր մեկնելով Սոչի, ՌԴ նախագահի ոտքերի տակ է փռում Հայաստանի անկախությունը, իսկ Թուրքմենստանի նախագահին հրավիրելով՝ հասկացնում է, որ 2018-ից հետո երկիրը տանելու է թուրքմենական բռնապետական ուղիով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ