News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերությունը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը համագործակցում են նոր վարկավորման ծրագրի շրջանակում, որը բարձրագույն կրթությունն առավել հասանելի ու մատչելի կդարձնի: Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում սովորող եւ ֆինանսական աջակցության կարիք ունեցող ուսանողները կարող են վճարել իրենց վարձավճարը՝ օգտվելով մատչելի վարկատեսակից: 

Ծրագիրը նախատեսում է ուսման վարձի մինչեւ 80%-ի չափով ֆինանսավորում ընդամենը 5% տարեկան տոկոսադրույքով`արտոնյալ ժամանակահատվածով վարկի մարման հնարավորությամբ: Ուսումնառության եւ հետագա վեց ամիսների ընթացքում կվճարվեն միայն վարկի տոկոսները, իսկ հետագա երեսուն ամիսների ընթացքում՝ մայր գումարը եւ տոկոսները:

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը նշում է. «Կրթության ոլորտը մշտապես եղել է Բիբլոս Բանկի ուշադրության կենտրոնում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ այս վարկավորման ծրագիրը կօգնի ավելի մեծ թվով ուսանողների ստանալ որակյալ բարձրագույն կրթություն, բացահայտել իրենց ներուժն ու գտնելուրույն տեղն աշխատաշուկայում: Ավելին, Բանկը, սկսած 2017 թվականից, կրթաթոշակ է տրամադրում  նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը Համալսարանի հետ կնպաստի մեր հասարակության զարգացմանն ու  բարեկեցությանը»: 

Արտոնյալ պայմաններով վարկն ուսանողներին կտրամադրվի դրական վարկային պատմության առկայության դեպքում, ՀՀ դրամով եւ երկու անձանց երաշխավորությամբ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը նշում է․ «Որակյալ կրթության վրա ծախսված միջոցները կարող են դառնալ մարդու կյանքում երբեւէ կատարած ամենաշահութաբեր ներդրումը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստացած կրթության շնորհիվ անհամեմատ աճում է մեր շրջանավարտների պահանջարկն աշխատաշուկայում եւ վստահությունը, որ  շրջանավարտն իր աշխատանքի շնորհիվ ի վիճակի կլինի կատարել վարկային պարտավորությունները։Այս համագործակցությամբ համալսարանը եւս մեկ քայլ է կատարում կրթությունը ֆինանսական կարիք ունեցողներին հասանելի դարձնելու համար։ Վստահ ենք, որ շատերը կօգտվեն  այս բացառիկ հնարավորությունից»։

Ծրագրից օգտվել ցանկացող Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները կարող են դիմել համալսարան մինչեւ ս.թ. սեպտեմբերի 4-ը՝ նամակ հղելով [email protected] էլ․ հասցեին:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելել՝

http://finaid.aua.am/loans-for-graduate-students/http://www.byblosbankarmenia.am/hy/ կամ զանգահարել 060 616100 հեռախոսահամարով։

Տպել
Ամենաշատ