News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանն ու Թուրքմենստանը համատեղ ջանքերով կարող են առաջ մղել մասշտաբային նախագծեր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումից հետո, լրատվամիջոցների համար նախատեսված իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, անշուշտ, հատուկ նշանակություն հաղորդեց այս տարվա ընթացքում հայ-թուրքմենական հարաբերությունների կենտրոնական իրադարձությանը՝ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

«Հենց այս օրը՝ 1993թ-ի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ ստորագրվեց Բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը: Այս հանգամանքները հատուկ նշանակություն հաղորդեցին այսօրվա այցին, որի արդյունքներից մենք բավարարված ենք: Այցի ընթացքում մի շարք ուղղություններով մեր երկկողմ համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, ընդունվել է երկու երկրների ղեկավարների Համատեղ հայտարարությունը:

Պարոն նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին: Ցավոք, գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաեւ մեր առեւտրաշրջանառության վրա: Այս համատեքստում մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները եւ առկա միջոցները: Հուսով ենք, որ այսօրվա պայմանավորվածությունների իրագործումը հնարավորություն կտա շտկել իրավիճակը»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

«Մենք միակարծիք ենք այն հարցում, որ տնտեսական համագործակցությունը պետք է հարստացվի համատեղ նախագծերով, կոոպերացիաներով՝ նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների վրա հատուկ շեշտադրմամբ: Կարծում ենք, որ գործող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը արդյունավետորեն առաջ կմղի երկկողմ առեւտրային կապերի ամբողջ համալիրը, կօժանդակի դրանց հետագա բազմազանեցմանը եւ նոր, հետաքրքիր ծրագրերի մեկնարկին:

Իհարկե, մենք անդրադարձել ենք նաեւ համագործակցության ավանդական ուղղություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Պայմանավորվեցինք հետագայում եւս զարգացնել արդյունավետ փոխգործակցություն այս ոլորտում: Որոշակի հեռանկարներ են բացահայտվում նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Հուսով ենք, որ թուրքմեն գործընկերները կմասնակցեն Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր, որոնց ետեւում կանգնած են ժամանակակից արտադրությունը եւ նոր աշխատատեղերը, ընդհանուր առմամբ՝ ազգային տնտեսությունների զարգացումը: Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգեւորում է, եւ մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ:

Ինչպես եւ նախկինում, կզարգացնենք փոխգործակցությունը կրթության ոլորտում, կիրականացնենք ուսանողական եւ մանկավարժական փոխանակումների ծրագրեր, ինչը, անշուշտ, նպաստում է մեր երկրների միջեւ համագործակցության հարստացմանը»,-իր խոսքն է ամփոփել Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ